
Ի՞նչ ճանապարհ է անցել ու ի՞նչ գործերով է հայտնի «իշխանության սրտի դատավոր» Մասիս Մելքոնյանը
Մասիս Արմենակի Մելքոնյան. Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկն է, որն իրեն մակագրված գործերի պատճառով վերջին տարիներին հայտնվել է ուշադրության կենտրոնում։
Մասիս Մելքոնյանը ծնվել է 1976 թ. հոկտեմբերի 5-ին՝ Երևանում։ 1999 թվականին ավարտել է ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոցը՝ որպես իրավաբան։ Մասնագիտական գործունեությունն սկսել է ոստիկանությունում՝ եղել քննիչ Վարդենիսում, այնուհետև աշխատել է Երևանի Շահումյան, Մալաթիա և Կենտրոնական քննչական բաժիններում։
2007–2010թթ. եղել է Կենտրոնական քննչական բաժնի 2-րդ բաժանմունքի պետ։ 2010-ից անցել է ոստիկանության կադրերի ռեզերվ և ստացել է մայորի կոչում։ 2010–2018 թթ. զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրությամբ, իսկ 2019–2023 թթ. եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
2023 թվականի մայիսի 22-ին նշանակվել է դատավոր։
Դատավոր Մելքոնյանին է մակագրվել որոշ քաղաքական և քրեական գործեր, որոնց մեծ մասն ավարտվել է ընդդիմադիր գործիչների կալանավորմամբ։
Մելքոնյանի` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ երկրորդ նախագահի որդի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումը քննադատվել է, որովհետև հրապարակված տեսանյութերում երևում էր, թե ինչպես է ոստիկանությունը բռնություն կիրառում Լևոն Քոչարյանի նկատմամբ։ Ինքնաբացարկի միջնորդությունը մերժվել է՝ կողմնակալության կասկածները անհիմն համարելու պատճառով։
2023-ին Մասիս Մելքոյանի որոշմամբ կալանավորել է Նարեկ Մալյանը՝ ֆեյսբուքում արած գրառման համար։ Այս որոշումն էլ դիտվեց որպես խոսքի ազատության սահմանափակում։
Լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու համար Մելքոնյանը որոշում է կայացրել կալանավորել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանին։ Փաստաբանների կարծիքով՝ որոշումը չուներ օրինական հիմքեր։
Մելքոնյանը կալանավորելու որոշում է կայացրել է նաև 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Մխիթար Գալեյանի հոր Գարիկ Գալեյանի նկատմամբ։ Այս գործի վճիռը ևս դարձել է քննադատության պատճառ։ Մելքոնյանի որոշումը որակել են քաղաքական։
Մելքոնյանին երբեմն ներկայացնում են՝ որպես «իշխանության սրտի դատավոր»։ 2025 թվականին Բարձրագույն դատական խորհուրդը Մասիս Մելքոնյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։ Ըստ գործի՝ դատավորը իր վարույթում քննվող գործերից մեկի վերաբերյալ ցուցմունք տալուց առաջ մեղադրյալին չի պարզաբանել վերջինիս իրավունքները։