
Խաղաղության պայմանագրի տեքստը բարի ցանկություններ են, իրականությունն այլ է․ քաղաքագետ
Տևական ժամանակ «Խաղաղության պայմանագրի» շուրջ ու դրա բովանդակության մասին քննարկումներից հետո, այն հրապարակվել է ամբողջությամբ։ 17 դրույթից բաղկացած փաստաթուղթն այն էր, ինչ սպասում էին բոլորը, թե՞ սա փաստաթուղթ է, որն իրականում վտանգ չի պարունակում։ Ըստ քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի՝ խոսքը լավ կամ վատ փաստաթուղթ լինելու մասին չէ։
«Տևական ժամանակ է՝ գիտենք այն մասին, որ երկրների մեջ փոխհարաբերություններ կան, և այս փաստաթղթի վրա բավականին տևական ժամանակ է աշխատում են՝ ԱԳՆ-ների խողովակով։ Քաղաքական առումով ևս տևական ժամանակ է, որ հասարակության հետ, աշխատում են, այսինքն՝ հոգեբանորեն նրանց պատրաստել են։ Փաշինյանը կամաց-կամաց և դանդաղորեն, հոգեբանորեն փորձել է ադապտացնել հայ հասարակությանը այն երևույթներին, որոնք փաստացի այսօր տեղ են գտնում փաստաթղթում»,-ABC media-ի հետ զրույցում ասել է քաղաքագետը։
Ըստ Մարտիոսյանի՝ փաստաթղթում տեղ է գտել Հայաստանի երրորդ Հանրապետության ողջ քաղաքական գաղափարախոսական տրամաբանությունից հրաժարվելու քաղաքականությունը։
«Դրա անունը դրել են խաղաղություն և «խաղաղություն» բառը վաճառել հայ հասարակությանը: Թե ինչ տեղ կգտնի ռեալ պոլիտիկում, ինչի հետ մենք գործ կունենանք, կհասկանանք հետագայում։ Դրա անոնսն ուղղակիորեն տվեց Ալիևը՝ դա կոչելով Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից տնային աշխատանք, որը պետք է կատարվի»,-ասել է Մարտիրոսյանը։
Քաղաքագետի խոսքով՝ փաստաթղթում ոչ մի փոխադարձ զիջման մասին խոսք չկա։
«Մենք գործ ունենք երկրորդ էտապի հետ, այս ամենի նախադրյալները ուղղակիորեն պատերազմի արդյունքներն են և այն, ինչ մենք դիտարկում ենք ժամանակի ընթացքում հայ հասարակությանը նոր նարատիվների, նոր գաղափարների հետ ադապտացնելու մասին է։ Այն, ինչի մասին մենք հիմա խոսում ենք, թղթին հանձնված լավ մտքերի, լավ ցանկությունների մի ամբողջականություն է, որը ռեալ պոլիտիկի հետ շատ քիչ առնչություն ունի։ Ռեալ պոլիտիկի սպառողը ուղղակիորեն հայ հասարակությունն է, իսկ այս թղթի սպառողը և թղթից դիվիդենտներ տանողը՝ քաղաքական իշխանությունը։ Ինձ համար շատ ավելի կարևոր է, թե այս պայմանագրից հետո կողմերն ի՞նչ արձագանքներ են տալիս, իսկ առաջին արձագանքներն արդեն գալիս են։ Ադրբեջանից արդեն եղել են արձագանք, ոչ մի հռետորաբանություն այնտեղ չի փոխվել, նրանք չեն շեշտում թե ինչ են ստորագրել, այլ շեշտը դնում է նրա, թե ինչ պարտավորվածություններ ունի Հայաստանը։ Որևէ խոսք և շեշտադրում չկա ատելության խոսքի, Արևմտյան Ադրբեջան խոսույթի վերացման մասին կամ գոնե պարտավորվածության մասին և այլն, և այլն։ Մեր հասարակությունը գտնվում է ուղղակիորեն մեծ հոգեբանական և քաղաքական տեխնոլոգիական ճնշման տակ, որտեղ իշխանությունը ոչ թե իր ազգային և պետական շահերի սպասարկողն է, այլ սեփական իշխանության վերարտադրության հնարավորությունների ապահովողը, որտեղ խաղաղությունը ոչ թե իրական խաղաղություն է, այլ ամբողջապես օգտագործման ենթակա է իշխանությունների կողմից»,-ասել է Մարտիրոսյանը:
Քաղաքագետի համար Խաղաղությունն ինքնին այլևս «ֆեյք» է երևում։
«Այդ խաղաղության մեջ գոնե մի կողմը պարտադրված խաղաղության է գնում և ստիպված իր ազգային, պետական շահերն է ստորադասում։
Որևէ երաշխիք չկա, որ այդ ամենը չի ավարտվի հենց այն րոպեին, որ րոպեին, որ այս երկրում այս իշխանությունը կդադարի գոյություն ունենալ, իսկ այս ժամանակահատվածում նրա նորատիվները, նրա ձգտումները բացառապես սահմանափակում են սեփական իշխանության վերարտադրման ձգտումներով, այլ ոչ թե Հայաստանի Հանրապետության իրական շահերի արտահայտման։ Իսկ իրական շահերի մեջ մտնում է նաև այն բոլոր հանգամանքները, որոնք կարծես թե այս համաձայնագրի մեջ ներառված չեն և կարծես թե համաձայնեցված են ի կատար ածելու բանավոր մակարդակով։ Այդ բանավոր մակարդակը ամենավտանգավոր բանն է։ Կարծում եմ, որ Փաշինյանը խնդրել է ևս մի փոքր ժամանակահատված տալ՝ դրանք չֆիքսելու, բայց հողի վրա իրականություն դարձնելու համար։ Այստեղ մենք գործ ունենք հետևյալի հետ՝ կա հասարակություն, և կա իշխանություն, հասարակության և իշխանության շահերի մեջ կա մեծ խզում, և այդ խզումը այս իշխանությունը փորձում է վերացնել, շատ լուրջ աշխատանք տանելով այս հասարակության մտածելակերպի, առաջնահերթությունների և կարևոր գերակայությունների վրա, որքանո՞վ դա կհաջողվի՝ ցույց կտա միայն ժամանակը և այն դիմադրությունը, որը որ պետք է ներկայացներ այս իշխանությանը»-եզրափակել է քաղաքագետը։