
ՌԴ–ն պատժամիջոցներ է սահմանել բրիտանական ԶԼՄ–ների և ՀԿ–ների ներկայացուցիչների նկատմամբ
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցների, ՀԿ-ների, խորհրդատվական կառույցների և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների նկատմամբ․ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ի պատասխան Լոնդոնի ակտիվ հակառուսական քարոզչության, որի շրջանակում ջանքեր են գործադրվում մեր երկրի դեմոնիզացման ուղղությամբ, միջազգային հարթակում Մոսկվայի ազդեցությունը նվազեցնելու նպատակով կեղծ նարատիվներ են առաջ քաշվում, ինչպես նաև շարունակվում է Կիևի նեոնացիստական ռեժիմին զինելու քաղաքականությունը, որոշվել է բրիտանական լրատվամիջոցների, ՀԿ-ների, խորհրդատվական կառույցների և փորձագիտական համայնքի մի շարք ներկայացուցիչների ընդգրկել Ռուսաստանի «սև ցուցակում»»,– ասված է հայտարարության մեջ։
Նախարարությունը նշել է, որ նրանց թվում կան ՌԴ-ի հասցեին ապատեղեկատվություն և մերկապարանոց մեղադրանքներ տարածող ու թշնամական լոբբիստական գործունեություն ծավալող անձինք, այդ թվում ՝ Արևմուտքի հակառուսական քաղաքականության խստացման և Կիևի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը մեծացնելու օգտին հանդես եկողներ։
«Բրիտանական քարոզիչների անպատասխանատու ջանքերը նպաստում են համաշխարհային էներգետիկ շուկայի ապակայունացման ռիսկերի աճին և արևմտյան ռեսուրսների վերաուղղորդմանը` միջազգային զարգացմանն աջակցելուց դեպի Կիևի ռազմատենչ ձգտումների սնուցում և սեփական ռազմական արդյունաբերական համալիրի խթանում։ Դա իր հերթին հարվածում է Գլոբալ հարավի երկրներին, որոնք առանց այդ էլ զգում են գաղութատիրության և իմպերիալիզմի պատմական հետևանքները։
Այն արագությունը, որով բրիտանացիները ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո հակառուսական տեղեկատվական արշավը հասցրին նոր մակարդակի, ինչպես նաև այլ երկրների վրա նրանց հարձակումների օրինակները ցույց են տալիս, որ նմանատիպ քարոզչական լծակները կարող են օգտագործվել ցանկացած միջազգային սուբյեկտի դեմ, որի գործողությունները դադարում են համապատասխանել «հավաքական Արևմուտքի» շահերին», – նշվում է հայտարարության մեջ։