Հայկ Շամիրյանին կալանավորել են քաղաքական պատվերով՝ Բագրատ սրբազանի շարժմանն աջակցելու համար․ Ալյոշա Գաբրիելյան
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանին առաջադրված մեղադրանքը արդարացված չէ։ Նրան կալանավորել են քաղաքական պատվերով. ABC media-ի հետ զրույցում ասել է ԱՀ Ասկերան քաղաքի նախկին քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը։
«Երբ ես Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի ղեկավարն էի, նա իմ օգնականն էր։ Նա շատ ազնիվ մարդ է։ Իրեն մեղադրանք են առաջադրել համայնքային սեփականությունը յուրացնելու գործով։ Մեկ հարց․ եթե անգամ այդ գույքը պատկանում էր Արցախի Հանրապետությանն ու այն սեփականաշնորհել է Հայկը, ի՞նչն է խնդիրը։ Արցախում հազարավոր այդպիսի գույք է մնացել, ու՞մ է պատկանում այդ գույքը հիմա․ գործող իշխանության եղբայր Ադրբեջանին չէ՞։ Նա սեփականաշնորհել է ավտոմեքենան՝ գումարը փոխանցելով համայնքի բուջեին։ Ես կարծում եմ՝ նրանք մեղադրանքը առաջադրել են, որովհետև Հայկը ևս ակտիվորեն հաջակցում է Սրբազան պայքարին»,- ասել է Գաբրիելյանը։
Հայկ Շամիրյանը Ալյոշա Գաբրիելյանի հետ ասկերանցիներին օգնել է մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին։
«Մենք մեր հայրենակիցներին, որոնք մեծ ցանկություն ունեին մասնակցելու հանրահավաքին, բայց չէին կարողանում մասնակել, փորձում էինք համակարգել, օգնել, որպեսզի մասնակցեն։ Նրանք, այս ամենը նկատելով, փորձում են կանխել նաև արցախցիների՝ հավաքներին մասնակցելուն։ Համամիտ եմ նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի այն պնդման հետ, թե Հայկին կալանավորել են քաղաքական պատվերով»,- ընդգծել է Գաբրիելյանն ու կոչ արել արցախցիներին՝ ակտիվ մասնակցություն ունենալ հայրենիքի համար մղվող պայքարին։
Հիշեցնենք՝ մայիսի 23-ին իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Ասկերան քաղաքի ղեկավար Հայկ Շամիրյանի տանը հետախուզություն է իրականացվել, որից հետո նրան ձերբակալել են։ Այսօր դատարանը որպես խափանման միջոց 2 ամիս տնային կալանք է նշանակել Հայկ Շամիրյանին։ Իրավապաշտպանը դատարանի այս քայլը համարել է քաղաքական հետապնդում՝ Սրբազան պայքարին հաջակցելու համար։