Հանրային կոնսոլիդացիան ձևավորված է, այն պետք է քաղաքական կապիտալի վերածել․ Խոսրով Հարությունյան
Բագրատ սրբազանին հաջողվեց կոնսոլիդացնել հանրությանը։ Այս պահի դրությամբ ամենալուրջ ձեռքբերումը հենց դա է. ABC media-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։
Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքները, երթերը մայրաքաղաքում, աջակցությունը՝ ոչ միայն մարզերում, այլև քաղաքական կուսակցություններում, խոսում է վստահության մասին։ Մի բան, որը 2018 թվականից ի վեր ոչ մեկին չի հաջողվել:
«Ես կառաջարկեի Բագրատ սրբազանին այս գլխավոր ձեռքբերումը՝ հանրության կոնսոլիդացիան, կապիտալիզացնել քաղաքական դաշտում։ Այսինքն՝ բարոյախրատական խոսքը, որը հնչեցնում է տարբեր ելույթների, հանդիպումների ժամանակ, շատ օգտակար է, բայց ոչ բավարար։ Այս փուլում այլևս այդ կոնսոլիդացիան պետք է վերածվի քաղաքական կապիտալի։ Սա կնշանակի, որ հարթակից, բացի արժեհամակարգը վերականգնելու, ատելության մաղձը մաքրելու խոսքերից, պետք է հնչեցվի քաղաքական կոնտենտ։ Այսինքն՝ որի իրականացման համար այս շարժումը պետք է հետամուտ լինի»,- ասել է Խոսրով Հարությունյանը։
Խոսելով շարժման հիմնական նպատակի մասին՝ Հարությունյանը նշել է, որ նպատակը միայն իշխանափոխությունը չէ, այլև պետականության գահավիժման գործընթացը կանխելն ու բեկելը։ Հետևաբար այն սպառնալիքները, որոնք ձևավորվում է իշխանականների գործունեությամբ կամ անգործությամբ և որոնք իրականում դառնում են անշրջելի, եթե ոչինչ չփոխվի, դրանք պետք է փոխել։
«Իշխանափոխությունը այս ճանապարհին կատարվելիք խնդիրներից մեկն է։ Գուցե շատ կարևոր է, բայց պետք է դիտարկել որպես շարքում ներառվածներից մեկը, որը կապ չունի նպատակի հետ։ Քաղաքական թիմը պետք է քաղաքական թեզերի մասին խոսի։ Թեզերը պետք է վերաբերեն սպառնալիքների մեղմելուն և չեզոքացմանը, հակասահմանադրական գործընթացը՝ սահմանազատումն ու սահմանագծումը, միջազգայնորեն հայտնի և ընդունելի սկզբունքների վրա տեղափոխելուն։ Քչերը գիտեն, որ 2017 թվականին Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության քարտուղարությունը ընդունել է մի փաստաթուղթ, որը կոչվում է «Պետական սահմանի սահմանազատում և սահմանագծում․ հրատապ հարցեր և լուծումներ»։ Այդ փաստաթուղթը ընդունված է՝ հետխորհրդային պետությունների միջև սահմանազատումն ու սահմանագծումը կազմակերպելու համար։ Ընդ որում՝ եթե մտածում եք, թե եվրոպացի գործընկերները տեղեկացված չեն Ալմա-Աթայի հռչակագրից, չարաչար սխալվում եք։ Եթե ԱԼմա-Աթայի հռաչակագիրը օգտակար լիներ սահմանազատում կատարելու համար, կասեին օգտվեք դրանից։ Նրանք շուրջ 200 էջանոց փաստաթուղթ չէին կազմի։ Այն ինչ մենք հիմա տեսնում ենք՝ մարդկանց սեփականությունից են զրկում, Արդարադատության նախարարությունը ասում է՝ կադաստրի վկայականը սխալ է տրված, բայց ինչ կապ ունի այստեղ սեփականատերը, դատի տվեք Կադաստրի կոմիտեին, ոչ թե բնակչից խլեք տունը։
Այս փաստաթղթում հստակ գրված է, որ ապագա սահմանը չի կարող դառնալ լարվածության և սպառնալիքի աղբյուր։ Հետևաբար, դուք չեք կարող գալ, կանգնել Ջերմուկի գլխին ու հայտարարել՝ սկսում ենք սահմանազատում, սահմանագծում իրականացնելը։ Դա նույնն է՝ քունքին դնել ատրճանակն ու ստիպել շարունակել։ Հիմա Ալիևն ու Փաշինյանը դրանով են զբաղված։
Հարությունյանը նշել է, որ այս շարժման քաղաքական թիմի օրակարգ պետք է դառնա նաև ապաշրջափակման հարցը, որովհետև Մեղրու միջոցով Ադրբեջանը Նախիջևանին կապող խնդիրը օդից վերցված հարց է։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ այդ թեզը մտել է ի հակակակշիռ այն պահանջի, որ Արցախը Հայաստանին միանար Լաչինի միջանցքով։ Հիմա հարց եմ տալիս․ Արցախի հայաթափմամբ՝ զրոյացված է Լաչինի միջանցքի կիրառությունը։ Այսօր իշխանականներից որևիցե մեկը հոդաբաշխ ձևով կարո՞ղ է բացատրել, թե ինչու՞ պետք է Մեղրիով միջանցք տրամադրելու հարցը նստեն ու Ալիևի հետ քննարկեն»,- ասել է նա։
Ամփոփելով զրույցը ABC media-ի հետ՝ Խոսրով Հարությունյանը ևս մեկ անգամ կաևորել է առաջացած կոնսոլիդացիայի քաղաքական կապիտալի վերածելը։ Կանենք դա, կհաջողվի, ոչ՝ ոչ։ Մեր խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ չէ, այլ արտաքին խաղաղացողների՝ եզրափակել է ՀՀ նախկին վարչապետը։