Ուկրաինայի հակահարվածը Ռուսաստանին. ի՞նչ սպասել
Մոսկվայի պաշտոնական տեղեկատվական աղբյուրների համաձայն՝ նախօրեին Ռուսաստանի Կուրսկի շրջանում ուկրաինական զինուժին հաջողվել էր ներթափանցել 12 կիլոմետր խորությամբ։ Նույն աղբյուրների համաձայն՝ Կուրսկում ընթացող մարտական գործողությունների լայնությունն արդեն կազմում է 40 կիլոմետր։ Ոչ պաշտոնական, թելեգրամյան և յութուբյան ալիքների փոխանցած տեղեկությունների համաձայն էլ, ուկրաինական կողմին հաջողվել է մինչև 35 կիլոմետր խորությամբ ներթափանցել ռուսական տարածք։ Ուկրաինական կողմից հայտնում են, որ իրենց հաջողվել է մարտերով մոտենալ Կուրսկի ատոմակայանին հարակից տարածքներին։
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները շարունակում էին ընթանալ այդ հակամարտության համար արդեն վաղուց սովորական դարձած սցենարով։ Այսպես կոչված «Հատուկ օպերացիան» իրականանում էր զուտ ուկրաինական տարածքներում։ Ռուսների կողմից Դոնեցկի և Լուգանսկի շրջանների մեծ մասում վերահսկողություն հաստատելուց հետո, ռազմական գործողությունները տեղի էին ունենում փոփոխական նախաձեռնողականությամբ։ Մեկ Կիևը, Արևմուտքից ստանալով ռազմական աջակցություն, մեծ կորուստների գնով, ակտիվ գրոհներ էր ձեռնարկում ռուսների դեմ, մեկ ռուսները, թիկունքից ստանալով մարդկային ու տեխնիկական համալրում, ձախողում էին ուկրաինական ուժերի առաջխաղացումը՝ անցնելով հակագրոհի։ Միջազգային քաղաքական հարթակում էլ ամրապնդվել էր այն տեսակետը, որ այս հակամարտությունը լճացել է, և անհրաժեշտ են բանակցություններ։ Ու հանկարծ, այս ամենի ֆոնին, Կիևը ռազմական գործողություններ է սկսում բուն ռուսական տարածքներում։ Որոշ տեսաբաններ, հատկապես ուկրաինական և արևմտյան կողմից, ռազմական գործողությունների տեղափոխումը ռուսական տարածքներ, լուրջ հաջողություն են համարում։ Նրանց կարծիքով՝ Արևմուտքի օգնությամբ Ուկրաինան ռազմաճակատում կարողացավ իր ձեռքը վերցնել նախաձեռնողականությունը։ Ըստ այս արևմտյան և ուկրաինական վերլուծաբանների՝ Կիևը նպատակ չունի օկուպացնել ռուսական տարածքները։ Պարզապես, ռազմական գործողություններում ուկրաինական կողմի նախաձեռնողականությունը, նախ կստիպի Մոսկվային թուլացնել լարումը բուն ուկրաինական ճակատում՝ զորքի մի մասը տեղափոխելով Կուրսկի շրջան։ Եվ հետո, Կուրսկում ունեցած այս ռազմական անհաջողության պատճառով, ռուսները, բանակցային սեղանի շուրջ նստելու քաղաքական որոշումն ավելի շուտ կկայացնեն, հետագա հնարավոր ձախողուները կանխելու նպատակով։ Դե, իսկ ուկրաինացների կողմից գրաված ռուսական հողերն էլ հետագայում կդառնան սակարկության առարկա, ռուսների վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները ետ վերադարձնելու համար։
Առաջին հայացքից այս պարզունակ բացատրությունները ճշմարտացի են թվում, սակայն, սա ամբողջ ճշմարտության միայն մի մասն է։ Այո, Կիևի կողմից անիրատեսական կլիներ, ինչպես նախկինում, ձեռնարկել ակտիվ գործողություններ, արդեն ավանդական դարձած ռուս-ուկրաինական ճակատում, որտեղ ռուսները վաղուց արդեն կառուցել են այսպես կոչված «Սուրովիկինի» բազմաշերտ պաշտպանական գիծը։
«Սուրովիկինի պաշտպանական գիծը» ռուս-ուկրաինական ճակատում
Չնայած նրան, որ Արևմուտքը Կիևին ռազմական օգնություն է ցուցաբերում և վարձկաններով է ապահովում՝ միևնույն է, ուկրաինացիները ոչինչ արդեն չեն կարող անել այս պաշտպանական գծի առկայության պարագայում։ Քանի որ նույնիսկ ամենահասարակ ռազմական փորձագետը կարող է հաստատել, որ ցանկացած հարձակվող կողմ քանակության տեսանկյունից, առնվազն 3-ը 1-ի հարաբերակցությամբ պետք է գերակայություն ունենա ռազմաճակատում, որպեսզի ինչ-որ հաջողության երաշխիքներ լինեն։ Ինչպես հենց ուկրաինական պաշտոնական աղբյուրներն են խոստովանում, իրենք ռազմաճակատում դժվարանում են նույնիսկ 1-ը 1-ի հարաբերակցություն ապահովել։ Շատ տեղերում ռուսները գերակայում են մարդկային ուժի և տեխնիկայի քանակությամբ։ Այս պարագայում, շատերը կարող են լրիվ տրամաբանական համարել Կիևի կողմից ռուսական Կուրսկի վրա հարձակվելու որոշումը։ Քանի որ, այնտեղ չկան լուրջ պաշտպանական բնագծեր, ինչպես ռուս-ուկրաինական ավանդական ճակատում։ Սակայն, իրականությունն այն է, որ Ուկրաինան հարձակվելով Կուրսկի շրջանի ուղղությամբ, այս անգամ էլ երկարացրել է մարտական գործողությունների լայնությունը։ Եվ, դրա հետ մեկտեղ ստիպված է լինելու նոսրացնել հակառակորդի հետ շփման գծում իր զորքերի քանակը, որպեսզի կարողանա ապահովել Կուրսկի շրջան ներթափանցած զորքերին մարդկային ռեսուրսներով և տեխնիկայով, քանի որ ռուսները նորանոր ուժեր են կուտակում Կուրսկի շրջանը ազատագրելու նպատակով։ Այս պարագայում անիմաստ են այն բոլոր պնդումները, թե Ուկրաինան, նոր ճակատ բացելով Կուրսկի շրջանում, կստիպի ռուսներին թուլացնել լարումը բուն ռուս-ուկրաինական ճակատում, քանի որ, այդ ուկրաինական բանակն է ամբողջությամբ ներգրավված այս հակամարտության մեջ, իսկ ռուսները ունեն միլիոնից ավելի ակտիվ զինված ուժեր, և դրանից ավելի մեծ քանակությամբ պահեստազոր։ Ինչպես վկայում է Global Firepower-ը, Army recognition-ը և այլ մասնագիտացված վերլուծական կենտրոնները, Մոսկվայի տրամադրության տակ կա առնվազն 1մլն 36 հազար զինված ուժեր, 800 հազար ակտիվ պահեստազոր և 2,3 մլն պահեստազոր։ Եվ սրանք միայն մարդկային ռեսուրսներն են։ Ռուսաստանը, պարզապես կարող է երկրի խորքերից նոր զորամասեր բերել և ներգրավել ռազմական գործողություններում, ինչը, սակայն, իրեն չի կարող թույլ տալ Կիևը։ Բացի այդ, եթե Կիևը ձգտելու է այդ տարածքները փոխանակել իր տարածքների հետ, վերջինս պետք է ստիպված լինի ամիսներով, այդ տարածքները ռազմական գործողութույնների միջոցով պահել իր վերահսկողության տակ։ Ինչպես ասում են, մի բան է տարածք գրավելը, մեկ այլ բան՝այն պահել կարողանալը։ Այո, այս հարձակումով ուկրաինացիները կարողացան հանկարծակիի բերել Ռուսաստանի զինված ուժերին։ Սակայն, իրականում, սա կարճաժամկետ հաջողություն է, քանի որ Ռուսաստանը արդեն ավելի մեծ մասշտաբով կներգրավվի այս հակամարտության մեջ, ինչը միանաշանակ չի բխում Ուկրաինայի շահերից։ Շուտով, երբ սպառվեն Արևմուտքից եկած նոր օգնությունը և բարդությամբ հավաքագրված մարդկային ռեսուրսները, Կիևին սպառնալու է ռուսական նոր և նախկիններից ավելի հզոր հակահարձակումը, ինչին Ուկրաինան դժվար թե կարողանա երկար դիմագրավել։ Օրինաչափ հարց կարող է առաջանալ, թե ի՞նչը Կիևին ստիպեց գնալ նման արկածախնդիր քայլի, ինչին Արևմուտքում անվանում են ռազմական նախաձեռնողականություն։ Իրականում, սա պայմանավորված է 2 հանգամանքով՝ Կուրսկի ատոմակայանով և Ամերիկյան ընտրություններով։ Պատահական չէ, որ ուկրաիանացի զինվորականները անընդհատ շեշտում էին, որ իրենք մարտերը արդեն վարում են կամ ձգտում են վարել Կուրսկի ատոմակայանի հարակից տարածքներում։ Պատճառն այն է, որ միայն այս ռազմավարական օբյեկտի գրավումը և միջուկային աղետի հնարավոր սպառնալիքը կստիպեր ռուսներին ավելի զուսպ լինել Կուրսկի շրջանում։ Ինչը, շանսեր կտար ուկրաինացիներին պահել այդ տարածքները և ստիպել ռուսներին նստել բանակցային սեղանի շուրջ։
Ուկրաինական ուժերի առաջխաղացումը և Կուրսկի ատոմակայանը
Սա, իրոք, կլիներ ռազմական հաջողություն։ Եվ, սրանով էլ պայմանավորվում է 2-րդ հանգամանքը՝ Ամերիկյան ընտրություները, քանի որ, եթե ուկրաինացիներին հաջողվեր իրականացնել այս ռազմական առաջադրանքը, դա ընտրություններում նոր շունչ կտար Դեմոկրատներին և նրանց նոր թեկնածուին՝ Քամալա Հարիսին։ Նրանց համար, սա կլիներ լուրջ նախընտրական փիառ, այն առումով, որ կարող էր սա ներկայացվել, որպես Դեմոկրատների քաղաքական կամքի և ամերիկյան օգնության հաղթանակ, սակայն, ուկրաինացիները ձախողեցին առաջադրանքը, և հիմա նրանց մնում է պատասխան տալ հետևանքների համար։
Այսպիսով, մոտ ապագայում մենք կտեսնենք, թե ինչպես է Ուկրաիանան ստիպված լինում դիմագրավել Ռուսական խոշոր հարձակմանը, որը ուղեկցվելու է ուկրաիանական քաղաքաների ռմբակոծմամբ և մեծ մարդկային կորուստներով։ Եվ, սա նորմալ է, քանի որ, եթե մի պետության իշխանություն խամաճիկային է, նա պատարաստ է դրսի թելադրանքով, այդ երկիրը ներքաշել ամեն տիպի արկածախնդրության մեջ։ Փոխարենը, իր ժողովրդին չտալով ոչինչ, բացի կորուստներից և ավերածություններից։
Աշոտ Բարեքյան