16 Նոյ
2024
3.1° c ԵՐԵՎԱՆ
6.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիան Զանգեզուրի միջանքի չհայտարարված կողմերից է․ միջազգայնագետ

Ֆրանսիան Զանգեզուրի միջանքի չհայտարարված կողմերից է․ միջազգայնագետ

Ես հեռու եմ այն մտքից, թե Ֆրանսիան կարող է պաշտպանել Հայաստանին, կամ առհասարակ որևէ պետություն, որը չի մտնում տարածաշրջանային ռազմաքաղաքական դաշինքի մեջ, խոսքը ՀԱՊԿ-ի մասին է։ Այն կարող է մտնել ՀԱՊԿ-ի գոտի և փորձել պաշտպանել Հայաստանին, ABC media-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի ԱԳ նախարարի Հայաստան կատարած այցի ժամանակ արած հայտարարություններին։

«Այս մտքից պետք է հրաժարվենք, որովհետև նույն Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնյաներն են բազմիցս ասել, որ իրենց քարտեզների և պլանների մեջ չի մտնում Հայաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելը։ Տնտեսական գործակցություն՝ այո, պետք է, սակայն կարծում եմ՝ ավելորդ հույսեր կապել Ֆրանսիայի պաշտպանության հետ տեղին չէ»,-ասել է միջազգայնագետը։

Բալասանյանը շեշտել է, որ հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններից խոսելիս հիմնականում նշվում է «Վեոլիա ջուր» ընկերության մասին։

«Ֆրանսիան, իր տնտեսական հնարավորություններով լինելով ԵՄ-ի շոգեքարշերից մեկը, Հայաստանում շատ ավելի լայն ներկայացվածություն կարող էր ունենալ, քան «Վեոլիա ջուրը», սկսած ավտոմոբիլաշինությունից մինչև արտադրության այլ ոլորտներ»,-նշել է Բալասանյանը։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, թե Ֆրանսիան պատրաստվում է մեծ ներդրումներ անել Հայաստանում՝ օրինակ բերելով Վեդիի ջրամբարի կառուցումը, սակայն մասնագետն ընդգծել է, որ այն լուծելու է ընթացիկ հարցեր։

«Ցավոք, այս պահին Ֆրանսիան չի շտապում ներդրումային ծրագրեր իրականացնել Հայաստանում՝ ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից։ Հետևաբար մտածել, որ մեծ ներդրումների ականատես կլինենք, իզուր է։ Ընթացիկ հարցեր են ուզում լուծել Վեդիի ջրամբարի մասով, որը լուրջ նշանակություն է ունենալու միայն Արարատյան դաշտի այդ հատվածը ոռոգելու համար»,-նկատել է Գրիգոր Բալասանյանը։շ

Մասնագետի կարծիքով, վերջին շրջանում Մակրոնի Ֆրանսիան էականորեն տարբերվում է նախորդ նախագահների Ֆրանսիայից՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների տեսանկյունից։

«Եթե նախկինում Ֆրանսիայում ունեինք Շառլ Ազնավուր և Պատրիկ Դեմիրճյան, ովքեր ուղիղ ազդեցություն էին ունենում Հայաստանի հետ հարաբերությունների վրա, ապա հիմա այդ մարդիկ չկան, և հայ-ֆրանսիական հարաբերությունները զիջում են իրենց նշանակությամբ։ Ցավոք, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը Ֆրանսիան ևս փորձում է իր օգտին ծառայեցնել։ Ֆրանսիան Զանգեզուրի միջանցքի դեռևս չհայտարարված կողմերից մեկն է, քանի որ ղազախական ուրանը, որը նախատեսվում է փոխադրել Զանգեզուրի միջանցքով, առաջին շահողը կլինի հենց Ֆրանսիան՝ հաշվի առնելով երկրում ատոմակայանների մեծ թիվը»,-եզրափակել է միջազգայնագետը։