Մեկ օրում` երեք պաշտոնանկություն
Երեկ երեկոյան, գրեթե միաժամանակ, հրաժարականի դիմումներ են գրել ՀԾԿՀ նախագահը, ՏԿԵ-ի և Էկոնոմիկայի փոխնախարարները։
ABCmedia-ի հետ զրույցում Գարեգին Բաղրամյանի ազատման դիմումի մասին շրջանառվող լուրը հաստատեց մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։ Ինչո՞ւ է ՀԾԿՀ նախագահը հրաժարական տվել, ո՞րն էր պատճառը, մեկնաբանություն չհնչեց։
«Նրա ազատման դիմումի վերաբերյալ մեկնաբանություն չկա»,- ասաց Ազիզյանը։
Տեղեկացնենք՝ Գարեգին Բաղրամյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2019 թ.-ի ապրիլից։ Մինչ այդ, մոտ կես տարի, եղել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար։
Ազատման դիմում է ներկայացրել նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը։
Նա 2016-2018թթ.-ին եղել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի անվտանգության և վերահսկողության գծով տնօրենի տեղակալը։ 2017-2018թթ.-ին «Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ում ֆինանսատնտեսական և մատակարարման հարցերով տնօրենի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 2018թ. հունիսից եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2019 թ. հունիսի 4-ից։
Տեղեկացնենք, որ Վարդանյանը բարձր պաշտոն է զբաղեցրել նաև «Տաշիր Գրուպ»-ում։
Հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
Փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի ապրիլի 16-ից։ 2006-2010 թթ․-ին նախագծերի ղեկավար է եղել «ՎՏԲ Գրուպ»-ում։ 2010-2017 թթ․-ին ՌԴ-ում առևտրային բանկերում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ Եղել է խորհրդական Մոսկվայի շրջանի կառավարությունում։ Մինչ փոխնախարար դառնալն էր կառավարող գործընկեր էր «Դիալոգ» խորհրդատվական ընկերությունում։