Տեղ պահեք, որ խնդրի դեպքում երեխան գա ընտանիք՝ որ տարիքում էլ լինի․ հոգեբան
«Ծնողավարման դպրոցի» հիմնադիր Աննա Վելիցյանի հետ զրուցել ենք երեխա-ծնող հարաբերությունների, ծնողավարության և այդ ոլորտում այս օրերին հաճախ հանդիպող խնդիրների մասին։ Զրուցել ենք նաև դպրոցում առկա խնդիրներից։ Հոգեբանի կարծիքով` դպրոցում պետք է աշխատի ոչ թե մեկ հոգեբան, այլ հոգեբանների խումբ։ Հոգեբանի կարիք ունեն բոլորը, և այդ հարցին պետք է լուրջ վերաբերվել․ սխալ ընտրված հոգեբանը կարող է լրջորեն վնասել․ կարծում է հոգեբանը։
-Ո՞ր խնդիրերն են, որոնք Ձեր կարծիքով առաջնային են այսօր դպրոցում, և արդյոք ծնող-դպրոց հարաբերությունները հատուկ ուշադրության կարիք չունեն։
-Դպրոցին պետք է ռազմավարական որոշում, որ ծնողն իրենն է, ինքն այդ ծնողի ռեսուրսը պետք է օգտագործի․ գիտելիքը պետք է օգտագործի, պետք է ներգրավի, եթե ուզում է, որ երեխան դասը չխանգարի։ Դա պետք է անի, որովհետև տարիներ շարունակ չի կարողացել հախից գալ, որպես մանկավարժ։ Այս ամենից հետո այդտեղ հոգեբանն էլ կկարողանա ինչ-որ բան անել։ Ամեն դեպքում՝ որոշում կայացնել, որ մենք բոլորս նույն նավի մեջ ենք, նույն ափին ենք և ծնողի ռեսուրսը պետք է օգտագործենք։ Ծնողն էլ իր հերթին, երբ գիտակցի, որ դպրոցը վարսավիրանոց չէ, որ գնա պատվեր տա ու գա՝ ասելով․ «Ես տվեցի իմ երեխային՝ իրեն մարդ դարձրեք։ Ես գնացի, դուք իրեն տվեք գիտելիք, կյանքի հմտություններ, ու վերադարձրեք ինձ, ես անելիք չունեմ, ես իմ երեխային ձեզ եմ տվել»։ Այ այդ գիտակցությունն է նաև խանգարում, երբ դա վերանա ինչ-որ համագործակցություն հաստատ կսկվի։ Հիմա նույնիսկ այդ դպրոցական չատերից դուրս, ուսուցիչներին փոքրիկ նվերներ անել, (որին ես շատ կողմ եմ), հիստերիա է առաջացնում։ Մարդ ռիսկ չի անում շնորհավորել ուսուցչին՝ այնինչ սիրում ես ու շնորհակալ ես այն ամենի համար, ինչ երեխայիդ համար արել է։
-Նախքան դպրոցում աշխատանքի անցնելը ուսուցիչները հոգեբանական ստուգում անցնու՞մ են։ Կարծում եմ՝ սա այն դեպքն է, երբ, բացի մասնագիտական հմտություններից, անհրաժեշտ են նաև մանկավարժական հմտություններ և ամուր հոգեկերտվածք։
-Ես չգիտեմ մեկ մարդ (եթե կա այդպիսի, մեկը թող արձագանքի) ում հոգեբան պետք չի։ Ես չգիտեմ այդպիսի մարդ՝ անգամ փողոցում, ում կանգնեցնես որևէ խնդիր կունենա։
–Իսկ հոգեբաները գնու՞մ են հոգեբանների մոտ։
-Անպայման․․․Հոգեբաններն ունեն հոգեբաններ։ Դա, իհարկե, առանձին թեմա է և շատ կարևոր։ Պետք է նշեմ․ որ ես ամեն դեպքում ուսուցիչների կողմից եմ, որովհետև ուսուցչին, ում տրվում է ոչ շատ բարձր աշխատավարձ, 35 երեխա և 40 րոպե, որպեսզի այդ 35-ը կարգապահ նստեն, դասը յուրացնեն և վերադարձնեն այն պատասխանի, կամ գրավորների տեսքով։ Կարծում եմ՝ դա տիտանական աշխատանք է, և այդ մարդկանց ուղղակի աջակցություն է պետք։ Իրենց պետք է սիրել, հարգել, փող տալ, որ կարողանան ընտանիք պահել, ու մի հատ էլ հոգեբան՝ ուսուցիչների համար, բնականաբար, առանձին։
-Հաճախելիությունը հոգեբանների մոտ ինչպիսի՞ն է, նախորդ տարիների համեմատ աճ գրանցվե՞լ է։
-Ես այդ ոլորտում եմ 20 տարուց ավել․ 20 տարի առաջ երեխաներին հոգեբանակական կետրոն էին բերում գրեթե դեմքը փակած։ Քանի որ մերը հոգեբանա-հոգեբուժական կենտրոն էր, մենք նաև քարտեր էինք լրացնում։ Շատերը անգամ երեխայի անուն ազգանունն էին հրաժարվում ասել։ Հաճախ դա արվում էր երբեմն տատիկ-պապիկներից ու մյուսներից գաղտնի։ Այսօր այդ ամենին անգամ մոտ էլ չենք, և դա ուղղակի երջանկություն է և՛ իմ, և՛ հոգեբանների համար։ Հոգեբանների կողմից ահռելի աշխատանք է արվել լուսավորչական, հոգեկրթական։ Այս առումով նաև բազմաչարչար Ֆեյսբուքն ու Ինստագրամն են դրական գործ են արել։ Այս առումով մեծ գործ են արել ակտիվ, գրագետ հոգենաբանները։ Պետք է շեշտեմ դա, որովհետև կան նաև ոչ գրագետ մարդիկ, ովքեր ավելորդ անգամ շատ են լցնում կոնտենտը, և դրանով անգամ վնասում։ Գրագետ հոգեբաններն արել ահռելի աշխատանք, որ նախ մարդիկ հասկանան՝ ինչ է ակտիվ հոգեբանությունը, երկրորդ՝ ինչով է այն տարբերվում հոգեբուժությունից, երրորդը, որ հոգեբանին դիմելը ամոթ չէ, այլ անհրաժեշտություն է արվում է մեր կյանքի և մեր ֆիզիկական առողջության համար։ Ի՞նչ է իվերջո հոգեբանությունը՝ մեր մտքերն են, մեր ուղեղն է, մեր մտքերը, մեր վախերը, մեր տագնապները, մարդկանց հետ հարաբերություններ կառուցելու մեր հմտությունները, մեր երեխաների հետ հարաբերությունները, գործընկերների հետ հարաբերությունները։ Հիմա դրանից պե՞տք է վախենալ, դա ինչ է չկա՞ մեր կյանքում՝ իհարկե կա։ Վերադառնալով հոգեբաններին պետք է ասեմ, որ այո՝ ամեն մարդ կարիք ունի հոգեբանի, հոգեբաններն իրենք էլ են աշխատում հոգեբանների հետ՝ դա իրենց մասնագիտական երդման մի մասն է։ Կարգն է այդպիսին՝ հոգեբանը պարտադիր պետք է ունենա հոգեբան, որոնք կոչվում են սուպերվիզորներ, ում հետ իրենք քննարկում են, թե՛ իրենց ներքին ապրումները, թե՛ աշխատանքը տարբեր քեյսերի հետ։ Պատկերացրեք, եթե հոգեբանը շաբաթն ունի 40 այցելու, 40 անգամ հանդիպում է 40 հոգու հետ, և ամեն դեպքի հետ կարող են լինել սեփական արձագանքներ, սեփական տարբեր պրոեկցիաներ։ Այդ ամենը նա քննարկվում է հոգեբանի հետ, քանի որ կան նաև բարդ քեյսեր, որոնցից այդ հոգեբանը չի կարողանում գլուխ հանել։
-Հոգեբանը կարո՞ղ է լրջորեն վնասել և Ձեր պրակտիկայում հաճա՞խ եք նման դեպքերի հանդիպում։
-Այո՝ կարող է։ Մարդիկ երկրորդ, նույնիսկ երրորդ փորձն են անում, փոխում են հոգեբանին։ Գալիս են արդեն տրավմատիզացված, բացասական փորձով։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է նախքան մարդկանց հոգիների հետ գործ ունենալը, նախ առողջանալ, անցնել սեփական թերապիան, ունենալ սուպերվիզորը՝ ում հետ պետք է աշխատենք ամբողջ կյանքի ընթացքում։ Եվ հետո գիտեք նորմալ է հոգեբան փոխելը, մենք բժիշկ էլ ենք փոխում՝ այնպես որ նորմալ է, որ կարող ես գնալ մեկ-երկու հոգեբանի մոտ՝ մինչև գտնես քո սրտի հոգեբանին։
-Երբ ծնողները գալիս են Ձեզ մոտ՝ երեխաների հետ կապված խնդրով, և պարզվում է, որ խնդիրը ավելի շատ իրենց մեջ է, իրենք այդ փաստը հե՞շտ են ընդունում։
-Ես հիմա անկեղծորեն մի բան պետք է ասեմ․ երեխաները չունեն խնդիրներ, խնդիրներ ունեն ծնողները։ Երեխան մեր հայելին է, կամ երեխան ընդամենը երեխա է՝ նա անփորձ է, չգիտի ինչ անել, եթե զայրացած է, գաղափար չունի՝ այդ ինչ հույզ է, դրա համար էլ իրեն երբեմն գետնով է տալիս։ Նա գաղափար չունի՝ ինչ ասել է սահմաններ դնել, և փորձում է անընդհատ մեր սահմանները՝ ուզում է տեսնել դեռահասության տարիքում մինչև ուր կարող է գնալ և երբ կասենք հերիք է։ Ծնողներն ունեն տարրական հմտությունների պակաս՝ շփվելու երեխեքի հետ, ունեն նաև գերխնդիր՝ երեխաներին լսելու։ Պարզ բան է պետք․ նստել, լսել երեխաներին, որովհետև կեսից ուզում ես խրատներ տալ, բարկանալ և այլն։ Մտածում ես՝ այս ի՞նչ հիմարություն է դուրս տալիս, ի՞նչ է ասում, բայց միևնույն է պետք է համբերատար լսես, քննարկես և կարծիք հայտնես։
-Ձեր էջում Դուք կարծես լուծում էիք գտել, և շեշտում էիք, որ ելքը տգիտության վերացնումն է։
-Այո՛, ուրիշ ելք չունենք․․․Նախքան տնտեսություն, բանակ՝ ինչը շատ կարևոր է՝ այդ չի հարցը, նախքան հոգեբանություն, սոցիալական խնդիրներ լուծելը, մենք պետք է լուծենք կրթության հարցը։ Եթե ուզում ենք մնացածը լուծվի, նախ պետք է կրթենք երեխաներին։ Եվ խոսքը գիտելիքի մասին չէ, արժեքների մասին է, առաքինությունների փոխանցման մասին է, հայրենագիտության մասին է, խոսքը համամարդկային արժեքների մասին է։ Երեխան ծնվում է ընտանիքում, նրա հիմքերն այնտեղ են՝ դպրոցում չեն, բակում չեն, դրա համար ենք մենք ծնողավարման դպրոցում անընդհատ ենք քարոզում, որ տեղ պահեք, որ երեխան խնդրի դեպքում գա ընտանիք, որ տարիքում էլ լինի, առողջ մթնոլորտ ապահովեք։ Մարդ գնալու տեղ պետք է ունենա և այդ տեղը ընտանիքն է՝ լինի 5 տարեկան, թե 50։
Զրուցեց՝ Լենա Գևորգյանը