Իշխանությունը գնում է ընտրությունների․ Վահե Հովհաննիսյան
Հայաստանի քաղաքական դաշտը կանգնած է մի ընտրության առջև, որի հետ այս իշխանությունները կապ չունեն։ Այդ ընտրության էությունը հետևյալն է. գալիք ընտրություններում պայքարել իշխանությո՞ւն, թե՞ ընդդիմություն վերցնելու համար․ գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը:
«Առաջին դեպքում՝ դա այլ հոգեվիճակով, ընդգծված վճռականությամբ, սեփական հնարավորությունները իրական գնահատելով ընտրության գնալն է, մյուսը՝ ընդդիմադիր կոմֆորտի համար պայքարը, որի մոտիվացիան բացառապես անձնական է։
Իշխանությունը բնականաբար ունի իր հաշվարկները, և նրան ձեռնտու է 2021-ի մրցակցային պատկերը։ Իշխանությունը բնականաբար հասկանում է, որ չունի նախկին ձայները (680 հազար), բայց հասկանում է նաև, որ մյուսները նույնպես չունեն իրենց արձանագրած ցուցանիշները։ Համաչափ (կամ նույնիսկ անհամաչափ) կորուստներով նույն մրցակցային դաշտը հնարավորություն է տալու իշխանությանը՝ վերարտադրվելու։
Իշխանությունն անթաքույց գնում է ընտրությունների։ Արտահերթ թե հերթական ընտրություններով այս իշխանությանը հաղթելու և երկրում խորքային ռեստարտ ունենալու համար անհրաժեշտ են նոր ուժեր, նոր միավորներ, նոր դաշինքներ, նոր գաղափարներ։ Այստեղ սիրել-չսիրելու հարց չէ, և հատուկ ընդգծեմ, ներկա-նախկին հարց չէ. առաջիկա ընտրություններին մասնակցելու իրավունք և հաջողության հավանականություն ունեն նաև 2021-ի դերակատարները։ Այլ հարց է, որ դա պետք է արվի ճիշտ ձևաչափերով ու ճիշտ ասելիքով։
Վստահ եմ, որ առաջիկա ընտրություններում, լինի հերթական, թե արտահերթ, ավելի քան հնարավոր է հաղթել և ձևավորել նոր իշխանություն։ Բայց դա հնարավոր է անել, եթե լինեն նոր միավորներ, նոր, թեկուզ այս պահին անհավանական թվացող դաշինքներ, նոր ասելիքով։ Գոնե այն պարզ պատճառով, որ այսօրվա և 2021-ի իրականությունները լրիվ տարբեր են։
Պարզ ասած. իշխանությունը գնալու է ընտրությունների՝ բացառապես իշխանություն պահելու համար. այն Հայաստանին առաջարկելու ոչինչ չունի։ Եթե մենք կարողանանք ձևավորել հավաքական ուժ (ուժեր), որոնք գնալու են ընտրության՝ իշխանություն վերցնելու և Հայաստանին նոր բան առաջարկելու համար, ունենալու ենք հաջողություն։ Իսկ եթե դրվող խնդիրը հերթական անգամ ընդդիմության մեջ լինելն է, ապա դա մասնավոր շահի սպասարկում է, և ընդդիմադիր ուժերի ճարտարապետներն ու մասնակիցները դա պետք է հենց սկզբից ազնվորեն ընդունեն։ Հայ ընտրողը պատրաստ է դուրս գալ տնից և գնալ ընտրատեղամաս, եթե տեսնի, որ իշխանություն փոխելու խնդիր և հնարավորություն իրոք դրված է»,- գրել է նա։