22 Փտր
2025
-1.6° c ԵՐԵՎԱՆ
-5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը կսահմանափակի՞ հակառուսական պատժամիջոցները և կկրճատի՞ ԵՄ-ում ռազմական ներկայությունը․ ի՞նչ են խոսում դիվանագիտական աղբյուրները

Թրամփը կսահմանափակի՞ հակառուսական պատժամիջոցները և կկրճատի՞ ԵՄ-ում ռազմական ներկայությունը․ ի՞նչ են խոսում դիվանագիտական աղբյուրները

Եվրոպացի պաշտոնյաները թերահավատ են այն հարցում, թե արդյոք ԱՄՆն կշարունակի՞ պահպանել հակառուսական պատժամիջոցները․ գրում է Financial Times (FT) թերթը։ ԵՄ պաշտոնյաների խոսքով՝ իրենք ազդանշաններ են ստացել, որ ԱՄՆն մտադիր է առայժմ պահպանել իր պատժամիջոցները և նույնիսկ ուժեղացնել դրանք։

«Վաշինգտոնում մեր աղբյուրներն ագրեսիվ են տրամադրված պատժամիջոցների նկատմամբ»,- եվրոպացի դիվանագետի խոսքն է մեջբերել պարբերականը։ Թերթը, սակայն, ընդգծել է, որ դա բացահայտորեն հակասում է Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ԱՄՆ վարչակազմի հայտարարած նպատակին, և եվրոպացի պաշտոնյաներն ընդունում են, որ Վաշինգտոնից եկող ազդանշանների մեջ անհամապատասխանություն կա: ԵՄը մտավախություն ունի, որ եթե ԱՄՆն չեղարկի իր սահմանափակումները, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն աշխատի։

Միևնույն ժամանակ ամերիկյան NBC հեռուստաընկերությունը, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆն դիտարկում է Եվրոպայում իր ռազմական ներկայությունը կրճատելու հնարավորությունը՝ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Մեքսիկայի հետ սահմանին առաջնահերթությունների պատճառով:

Ինչպես նշվել է, ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Վլադիմիր Զելենսկիի հետ փակ հանդիպման ժամանակ ուկրաինական պատվիրակությանը մասնավոր կերպով հայտարարել է, որ եվրոպական երկրներում ռազմական կոնտինգենտի կրճատման հնարավորությունը դիտարկվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ ԱՄՆ հինգ պաշտոնյաներ և երկու կողմերի հանդիպմանը ծանոթ մեկ պաշտոնյա NBC News-ին հաստատել են տեղեկությունը։ Նրանք նշել են, որ ուկրաինական պատվիրակությունը «ապշած» է Պենտագոնի ղեկավարի այս հայտարարությունից։ Կիևը նման հեռանկարն ընկալում է որպես սեփական անվտանգության սպառնալիք։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հերքում է, որ Հեգսեթը նման հայտարարություններ է արել։

Ի պատասխան NBC News-ի՝ աղբյուրներից ստացված տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, Պենտագոնի մամուլի ծառայությունը տեղեկությունը համարել է «100 տոկոս կեղծ» և հավելել, որ պաշտպանության նախարարը «ոչ մի հայտարարություն չի արել թեմայի վերաբերյալ և չի նշել Եվրոպայից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետները»։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը անցյալ շաբաթ պահանջել էր, որ ԵՄը պատասխանատվություն ստանձնի սեփական պաշտպանության համար: Այս և ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների այլ հայտարարությունների ֆոնին՝ Եվրոպայում սկսել են աճել մտավախությունները, որ Վաշինգտոնը կարող է կրճատել իր ռազմական ներկայությունը: Սակայն Սպիտակ տունը պաշտոնապես չի հայտարարել նման ծրագրերի մասին։ Փետրվարի 17-ին ՆԱՏՕի ռազմական կոմիտեի նախագահ Ջուզեպպե Կավո Դրագոնը Bloomberg-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ ԱՄՆն կարող է դուրս բերել իր զորքերի մի մասը Եվրոպայից, բայց ամբողջությամբ չի լքի Դաշինքը։