
Մարտին Ուկրաինան Եվրամիությունից 3,5 միլիարդ եվրո օգնություն կստանա․ ֆոն դեր Լայեն
Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և օտարերկրյա առաջնորդների համատեղ մամուլի ասուլիսը։
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է, որ «այս պատերազմը ոչ միայն Ուկրաինայի, այլև եվրոպական անվտանգության մասին է, Եվրոպան նույնպես պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ»։
«Մարտի 6-ին Եվրոպական խորհուրդը կքննարկի հատուկ ներկայացուցչի նշանակման հնարավորությունը, որը կներկայացնի ոչ միայն ԵՄ-ն, այլև բոլոր եվրոպական երկրները խաղաղ բանակցություններում»,- նշել է Կոշտան։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքով՝ ամեն ինչ կախված է ՌԴ-ի կողմից խաղաղության հասնելու ձգտումից։
«Քանի դեռ երկարաժամկետ խաղաղության մասին համաձայնագիր չկա, վաղ է խոսել պատժամիջոցների չեղարկման մասին։ Այս խոսակցությունները կարող են լինել միայն այն բանից հետո, երբ մենք ռուսական կողմից որոշակի կոնկրետ քայլեր տեսնենք։
Պատժամիջոցները հսկայական ազդեցություն ունեցան Ռուսաստանի տնտեսության վրա, գնաճը զգալիորեն ավելացավ։ Սա ուժի միջոցով խաղաղության հասնելու մեր նախաձեռնության մի մասն է»,- ասել է նա:
Նա նաև հայտնել է, որ մարտին Ուկրաինան 3,5 միլիարդ եվրոյի չափով նոր օգնություն կստանա Եվրամիությունից։
«Մենք այսօր Կիևում ենք, որովհետև Ուկրաինան Եվրոպա է։ Գոյատևման այս պայքարում վտանգված է ոչ միայն Ուկրաինայի ճակատագիրը։ Սա նաև Եվրոպայի ճակատագիրն է»,- գրել է Ֆոն դեր Լայենը X-ի իր միկրոբլոգում։