
Մամուլի ազատության զեկույցը նախազգուշացրել է Եվրոպայում ԶԼՄ-ների ազատությանը սպառնացող վտանգների մասին
Ռիսկերը, որոնց բախվել են լրագրողները՝ լուսաբանելով Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայի դեմ, եղել են ամենահրատապ մտահոգությունը՝ կապված 2024 թվականին Եվրոպայում լրագրողների անվտանգության հետ։ Այս մասին նշվել է Եվրոպայի խորհրդի պլատֆորմին ուղղված գործընկեր կազմակերպությունների տարեկան զեկույցում, որն ուղղված է նպաստելու լրագրության պաշտպանությանն ու լրագրողների անվտանգությանը։
«2024 թվական՝ դիմակայելով քաղաքական ճնշմանը, ապատեղեկատվությանը և ԶԼՄ–ների անկախության էրոզիային» վերնագրված զեկույցում որպես լուրջ սպառնալիք է նշվում լրագրողների թվային հսկողությունը և աղբյուրների գաղտնիության ռիսկերը, լրագրողների անդրազգային ճնշումը և որոշ երկրների կառավարությունների կողմից լրատվամիջոցների գրավման միտումը:
Զեկույցը նախազգուշացնում է ապատեղեկատվության աճող սպառնալիքի մասին՝ ներառյալ արհեստական ինտելեկտի ստեղծած բովանդակությունը և պետական քարոզչությունը, որն օգտագործվում է հասարակական կարծիքը շահարկելու և անկախ լրագրությունը քայքայելու համար: Պլատֆորմի գործընկերները ներկայացնում են մի շարք առաջարկություններ՝ կոչ անելով ԵԽ–ին, ԵՀ–ին և Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրներին ավելի ուժեղ իրավական պաշտպանություն ապահովել լրագրողների համար, պաշտպանել ապատեղեկատվությունից և միջոցներ ձեռնարկել լրատվամիջոցների գրավման և հսկողության դեմ պայքարելու համար: Ինչպես նշվել է, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 159 լրագրող կալանքի տակ են պահվել ողջ Եվրոպայում, այդ թվում՝ 44-ը՝ Բելառուսում, 30-ը՝ Ադրբեջանում, 29-ը՝ Ռուսաստանում, 27-ը՝ Թուրքիայում և մեկը՝ Վրաստանում։ Վրաստանում 2024 թ–ի ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ոստիկանները հարձակվել են առնվազն չորս լրագրողների վրա, որոնք լուսաբանել են զանգվածային բողոքի ցույցերն այն բանից հետո, երբ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը: Դեկտեմբերին տասնյակ լրագրողներ ենթարկվել են բանավոր և ֆիզիկական հարձակումների Թբիլիսիում ԵՄ օգտին ցույցերը լուսաբանելիս: Հեղինակները նշել են, որ Ադրբեջանում ԶԼՄ–ների մասին օրենքը շարունակում է խեղդել մամուլի ազատությունը և պետք է վերանայվի: Ի թիվս այլ դրույթների՝ այն արգելում է լրատվամիջոցներին հրապարակել կամ տարածել «մարդու պատիվը կամ արժանապատվությունը նվաստացնող» կամ «անբարոյական բառապաշար» պարունակող տեղեկատվություն։ Քաղաքական հռետորաբանությունը նույնպես դեր է խաղում անդրազգային բռնաճնշումների մեջ: 2024 թվականի մարտին ադրբեջանցի պատգամավորը պիտակավորել էր մի քանի վտարված լրագրողներ, այդ թվում՝ Սևինջ Օսմանքիզին, Թուրալ Սադըքլին և Քենիմեթ Զահիդը, որպես «օրինական թիրախներ» իրենց «տեղեկատվական ահաբեկչության» և Ադրբեջանի նախագահին ուղղված քննադատության համար։ Ադրբեջանում լրագրող Շահլա Քարիմը բերման է ենթարկվել ընտրակեղծիքների դեմ ընդդիմության հանրահավաքը լուսաբանելու համար։ Զեկույցում ընդգծվել է, որ Վրաստանը, որը ժամանակին համարվում էր վտարանդի լրագրողների համար անվտանգ վայր, գնալով ավելի վտանգավոր է դառնում: Ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովը ձերբակալվել է 2024 թվականի նոյեմբերին, և նրան սպառնում է արտահանձնում Ադրբեջանին: Այժմ լրագրողներին ավելի հաճախ է արգելվում մուտք գործել երկիր։ ՀՀ վերաբերյալ նշվել է, որ երկրում փողոցային ցույցերը լուսաբանող լրատվամիջոցների լրագրողներ ևս վիրավորվել են ոստիկանական բռնությունների հետևանքով։ Թուրքիայում հեռարձակման կարգավորողը կասեցրել, տուգանել, ապա ի վերջո չեղարկել է Acik Radyo-ի լիցենզիան, որի հաղորդման ժամանակ անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանությանը։ 1995 թվականին հիմնադրված շահույթ չհետապնդող ռադիոն երկար ժամանակ եղել է բազմազանության, անկախ լրագրության և մարդու իրավունքների վրա կենտրոնացածության խորհրդանիշ Թուրքիայում։ Երկրում Բազմաթիվ լրատվական կայքեր և այլ լրագրողական բովանդակություն արգելափակվել են նաև դատարանների կողմից։