
Ուկրաինան զենքի խոշորագույն ներկրողն է աշխարհում, ԱՄՆ-ն՝ արտահանողը․ SIPRI
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը շարունակում է որոշել զենքի համաշխարհային շուկայի դինամիկան։ Սա Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտական ինստիտուտի (SIPRI) նոր զեկույցի հիմնական բացահայտումն է:
2020-2024 թվականներին Ուկրաինան զենքի խոշորագույն ներկրողն էր աշխարհում։ Նախորդ հինգ տարիների համեմատ գնումներն աճել են մոտ 100 անգամ։
Եվրոպական զենքի ներմուծումը վերջին հինգ տարում աճել է 155%-ով, հաշվարկել են SIPRI–ի փորձագետները։ ԵՄ երկրներն ավելացնում են գնումները՝ Ուկրաինային մատակարարելու և իրենց պաշտպանական կարողությունները ուժեղացնելու համար, քանի որ «ԱՄՆ–ն ավելի ու ավելի քիչ վստահելի դաշնակից և գործընկեր է թվում»:
Վերջին հինգ տարիների ընթացքում Միացյալ Նահանգները զգալիորեն մեծացրել է զենքի արտահանումը` համաշխարհային շուկայում իր մասնաբաժինը 35%-ից հասցնելով 43%-ի: Դա գրեթե այնքան է, որքան հաջորդ ութ խոշոր արտահանողները միասին վերցրած:
Ամենախոշոր արտահանողների ցուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում Ֆրանսիան՝ ըստ SIPRI-ի (9,6%), իսկ Ռուսաստանը շարունակում է մնալ երրորդ տեղում (7,8%)։ 2020-2024 թվականներին ամերիկյան զենք է մատակարարվել 107 երկրների։
Հատկապես նկատելիորեն աճել է արտահանումը դեպի Եվրոպա՝ նախորդ հինգ տարիների համեմատ 233%-ով։ 2000-ականների սկզբից ի վեր առաջին անգամ Եվրոպան դարձել է ամերիկյան արտահանման հիմնական ուղղությունը՝ ստանալով բոլոր առաքումների 35%-ը՝ 2015-2019 թվականների 13%-ի դիմաց: Ամենաշատ ստացողները եղել են Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Նիդեռլանդները և Նորվեգիան։
Ուկրաինային բաժին է ընկել ԱՄՆ–ի ողջ արտահանման 9,3%-ը։ Ընդ որում՝ զենքի 71%-ը Ուկրաինա է փոխանցվել ռազմական օգնության տեսքով՝ հիմնականում պահեստային պաշարներից։ Մերձավոր Արևելքը դարձել է ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի երկրորդ ամենամեծ շուկան (33%)։ Սա զգալի կրճատում է 2015-2019 թվականների համեմատ, երբ տարածաշրջանի մասնաբաժինը կազմում էր 49%: Հիմնական գնորդը մնացել է Սաուդյան Արաբիան (ընդհանուր ծավալի 12%-ը), որին հաջորդում են Կատարը (7,7%) և Քուվեյթը (4,4%)։ Իսրայելը զբաղեցնում է 11-րդ տեղը ամերիկյան զենք ստացողների թվում՝ 3%-ով։ «ԱՄՆ–ը եզակի դիրք է զբաղեցնում համաշխարհային շուկայում. նրա մասնաբաժինը չորս անգամ գերազանցում է հաջորդ ամենամեծ արտահանողին՝ Ֆրանսիային», – նշել է SIPRI-ի Զենքի փոխանցումների ծրագրի տնօրեն Մեթյու Ջորջը:
Պատերազմն Ուկրաինայում և դրա պատասխան սահմանած արևմտյան պատժամիջոցները հարված են հասցրել Ռուսաստանի դիրքերին մի շարք արտահանման ոլորտներում, որոնք նա ժառանգել է ԽՍՀՄ–ից: Զենքի շուկան վառ օրինակ է։ «Ռազմի դաշտում ավելի ու ավելի շատ զենք է անհրաժեշտ, առևտրային պատժամիջոցները դժվարացնում են արտադրությունն ու մատակարարումը, իսկ ԱՄՆ–ն և նրա դաշնակիցները ճնշում են գնորդների վրա», – նշել է SIPRI-ի սպառազինությունների փոխանցման ծրագրի ավագ հետազոտող Պիտեր Վեզեմանը: Ռուսական զենքի արտահանումը վերջին հինգ տարվա ընթացքում նվազել է 64%-ով, նշվել է SIPRI-ի զեկույցում։ 2020-2024 թվականներին Ռուսաստանի Դաշնությանը բաժին է ընկել համաշխարհային արտահանման միայն 7,8%-ը։ Ընդհանուր առմամբ՝ ռուսական զենքի արտահանման 74%-ն ուղղվել է Ասիայի և Օվկիանիայի երկրներ, 12%-ը՝ Աֆրիկայի երկրներ, 7,4%-ը՝ Եվրոպա (Հայաստան, Բելառուս, Սերբիա), 6,4%-ը՝ Մերձավոր Արևելք։
Ասիական երկրներից ռուսական զենքի հիմնական ներկրողը Հնդկաստանն է։ Նախորդ հինգ տարիներին այն ստացել է ռուսական բոլոր մատակարարումների 38%-ը։ Բայց 2020-2024 թվականներին իրավիճակը կտրուկ փոխվեց. Ռուսաստանը Հնդկաստանին տրամադրել է մատակարարումների միայն 36%-ը, Ֆրանսիային՝ 33%-ը։ SIPRI-ի փորձագետները նշել են, որ Հնդկաստան և այլ երկրներ ռուսական մատակարարումների կրճատումը սկսվել է դեռևս ուկրաինական պատերազմից առաջ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ ռուսական ռազմարդյունաբերական համալիրը սկսեց աստիճանաբար պարտվել տեխնոլոգիական մրցավազքում:
Այնուամենայնիվ, վերջին տարիներին նկատվում է կտրուկ անկում։ Վերջին հինգ տարիների ընթացքում ՆԱՏՕ–ի անդամ եվրոպական երկրները 105%-ով ավելացրել են զենքի ներկրումը։ ԱՄՆ–ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԵՄ երկրներում ակտիվացել են սեփական արտադրանքի արտադրությունն ընդլայնելու միջոցով սեփական պաշտպանունակությունը բարձրացնելու անհրաժեշտության մասին քննարկումները։ «Սպառազինությունների փոխանցման նոր տվյալները հստակ ցույց են տալիս եվրոպական երկրների միջև վերազինման գործընթացը՝ ի պատասխան Ռուսաստանի սպառնալիքի», – եզրափակում է SIPRI Arms Transfers ծրագրի տնօրեն Մեթյու Ջորջը: Սակայն մինչ այժմ Եվրոպայի կախվածությունը Միացյալ Նահանգներից միայն ավելի է ուժեղացել: 2020–2024 թվականներին Միացյալ Նահանգներին բաժին է ընկել Հյուսիսատլանտյան դաշինքի եվրոպական անդամներին սպառազինությունների մատակարարումների 64%-ը, ինչը զգալիորեն ավելի է, քան 2015-2019 թվականներին (52%)։ Ամենախոշոր մատակարարների ցանկում հաջորդում են Ֆրանսիան և Հարավային Կորեան (6,5-ական%), Գերմանիան (4,7%) և Իսրայելը (3,9%)։ Մինչև 2024 թվականի վերջը ՆԱՏՕ–ի եվրոպական երկրներն ակնկալում էին ԱՄՆ–ից 472 մարտական ինքնաթիռ և 150 մարտական ուղղաթիռի մատակարարում։