
Թրամփի ձեռքով «կռվախնձոր» դարձած Գրենլանդիայում ընտրություններ են
Աշխարհի ամենամեծ կղզում, որն ընդամենը 60 հազար բնակչություն ունի, ընտրությունները երբեք չեն մտահոգել մոլորակի մնացած 8 միլիարդ բնակիչներին։ Սակայն Գրենլանդիայի քվեարկությունն այս երեքշաբթի ուշադրության կենտրոնում է, քանի որ Դոնալդ Թրամփի թելադրանքով՝ այն դարձել է կռվախնձոր Միացյալ Նահանգների և նրա գլխավոր դաշնակից Եվրոպայի միջև․ գրել է BBC-ին։
Թրամփը նշել է, որ պատրաստ է գնել կամ նույնիսկ բռնի ուժով վերցնել Դանիայի ինքնավար արկտիկական տարածքը, որը ԵՄ անդամ և ԱՄՆ դաշնակիցն է ՆԱՏՕ-ում։
Թրամփին գրավում է կղզու պաշտպանական և տնտեսական նշանակությունը։
Գրենլանդիան Եվրոպայից դեպի Հյուսիսային Ամերիկա ամենակարճ ճանապարհն է, նրա ափերը առատ են ձկներով, իսկ ընդերքը՝ հարուստ օգտակար հանածոներով, թեև դժվար հասանելի է։ Գրենլանդացիները վաղուց են խոսում անկախության մասին։ Նրանք ցանկանում են անկախանալ Դանիայից, քանի որ դժգոհ են փաստացի գաղութ լինելուց, նույնիսկ եթե այն շատ ինքնավար է:
Դանիան վաղուց է զիջել տեղի ներքին իշխանությունը Գրենլանդիային, սակայն շարունակում է վճարել անվճար կրթության և առողջապահության համար: Պաշտպանությունն ու արտաքին քաղաքականությունը մնում են Կոպենհագենի իրավասության ներքո։ Դանիան տարեկան գրեթե 600 միլիոն եվրո է փոխանցում՝ դրանով իսկ փակելով Գրենլանդիայի գանձապետարանի ծախսերի կեսը։ Համաձայն վերջին հարցումների՝ կղզու բնակիչների ավելի քան 80%-ը կողմ է անկախությանը։ Գործող իշխանությունները խոստանում են ժամանակին անցկացնել Դանիայից անկախանալու հանրաքվե։ Այնուամենայնիվ, գրենլանդացիները չեն ցանկանում կախվածության մեջ լինել ԱՄՆ-ից՝ հատկապես Դոնալդ Թրամփի օրոք։ «Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին, և դա պետք է փոխանցվի ամերիկացիներին», – ընտրություններից առաջ հայտարարել է վարչապետ Մութ Էգեդեն՝ հավելելով․ «Մենք արժանի ենք հարգանքի, բայց ես վստահ չեմ, որ Ամերիկայի նախագահը դա ցուցաբերում է»:
Իշխանությունները մտահոգված են սոցիալական ցանցերում ապատեղեկության և ձայների գնման սպառնալիքի պատճառով: Ներկայում խորհրդարանում մեծամասնությունը՝ 31 մանդատներից 21-ը, վերահսկվում է «Ինուիտ Ատակվատիգիիթ» (Ժողովրդական համայնք) և «Սիումութ» (Առաջ) կուսակցությունների կոալիցիայի կողմից: Երկուսն էլ հանդես են գալիս անկախության օգտին, սակայն «Ինուիտ Ատակվատիգիիթը», չի շտապում հանրաքվե անցկացնել, մինչդեռ «Սիումուտը» խոստանում է այն անցկացնել առաջիկա չորս տարվա ընթացքում։ Թրամփը հրաժարվել է բացառել ուժի կիրառումը Գրենլանդիան վերահսկելու համար։ Հաշվի առնելով նրա վերաբերմունքը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման նկատմամբ՝ այս զարգացումն անհանգստացնում է դանիացիներին։
«Թրամփի հայտարարությունները՝ Գրենլանդիան ուժով գրավելու պատրաստակամության մասին, շատ են հիշեցնում Ուկրաինայի հանդեպ նախագահ Վլադիմիր Պուտինի հռետորաբանությունը։ Բայց ես կցանկանայի ընդգծել, որ անձամբ ինձ թվում է, որ ամերիկացիները չեն բռնազավթի Գրենլանդիան», – BBC-ին հայտնել է Անդերս Ֆոգ Ռասմուսենը, ով եղել է Դանիայի վարչապետը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։