
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց փոխադարձ զիջումների․ Ռուբիո
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց երկու կողմերի զիջումների․ РБК-ի ուկրաինական ծառայության փոխանցմամբ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Դիվանագետի խոսքով, բանակցությունները պատերազմի ավարտի միակ միջոցն են, սակայն ցանկացած բանակցություն՝ լինի բիզնես, առևտուր, թե քաղաքական, ենթադրում է, որ կողմերն ինչ-որ բանից պետք է հրաժարվեն և գնան զիջումների։
Ռուբիոն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչից պետք է բաղկացած լինեն զիջումները, սակայն նշել է, որ դրանք պետք է դառնան բանակցությունների առարկա։
«Սա պետք է լինի բանակցությունների մի մասը, բայց այս բանակցությունների մեջ մտնելը, ընդհանուր հայտարարություններ անելը, որոնք կարող են այս կամ այն կողմին պատրվակ տալ՝ չմասնակցելու համար, ոչ մի օգուտ չի բերի», – ասել է նա:
Պետքարտուղարը հավելել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, քանի որ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չեն կարող հասնել իրենց «մաքսիմալիստական ռազմական նպատակներին»։