
Նորվեգիան մոտ է 100%-անոց էլեկտրամոբիլացման նպատակին
Նորվեգիայում 2025-ից վաճառվող բոլոր նոր ավտոմեքենաների էլեկտրական լինելու նպատակը գրեթե իրականություն է դառնում։ Հունվարին վաճառված 9,343 մեքենայից 8,954-ը ամբողջությամբ էլեկտրական էին․ հայտնում է Նորվեգիայի Ճանապարհային Ֆեդերացիան (OFV):
Տարվա առաջին ամսվա 50 ամենավաճառված մոդելներից միայն երկուսն էին ոչ էլեկտրական, որոնցից առաջինը զբաղեցրել է 33-րդ հորիզոնականը։
Համեմատության համար՝ ամբողջ Եվրոպայում էլեկտրամեքենաների վաճառքը 2024-ին կազմել է 13.6%, ինչը 2020 թվականից ի վեր առաջին անկումն էր, նշում է Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիան (ACEA):
«Սա աննախադեպ է։ Եթե տարին այսպես շարունակվի, շուտով շատ մոտ կլինենք մեր 2025-ի նպատակին»,– հայտարարել է OFV-ի տնօրեն Էյվինդ Սոլբերգ Թորսենը։
Սակայն նա նշել է, որ 100%-անոց էլեկտրականացման հասնելու համար հարկավոր է պահպանել խթանները, որոնք էլեկտրամեքենաները շահավետ են դարձնում ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների համեմատ։
Չնայած նրան, որ Նորվեգիան նավթի և գազի խոշոր արտադրող է, այն նպատակ ունի 2025-ից վաճառել միայն «զրոյական արտանետումներով» նոր մեքենաներ։ Սա 10 տարի շուտ է, քան ԵՄ-ի սահմանած ժամկետը, թեև Նորվեգիան ԵՄ անդամ չէ։
Ի տարբերություն Բրյուսելի պլանների՝ Օսլոն արգելք չի սահմանել ներքին այրման շարժիչով մեքենաների վաճառքի վրա, այլ խրախուսում է էլեկտրամեքենաների գնման գործընթացը՝ հարկային արտոնություններով, վճարովի ճանապարհներից ազատմամբ, հասարակական կայանատեղիներում անվճար կայանմամբ և տրանսպորտային գոտիներից օգտվելու հնարավորությամբ։