
Զինծառայության կարգում փոփոխություններ են առաջարկվում
ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական փաթեթ, որն առնչվում է զինծառայության ոլորտին:
Ըստ պատգամավորի՝ օրենքների փոփոխության հիմնական նպատակներն են՝ զորակոչիկների թվի ավելացումը, ծառայության գրավչության բարձրացումը, արտագաղթի կանխարգելումը, ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի կրճատումը:
Հայկ Սարգսյանը ներկայացրել է վիճակագրություն, ըստ որի՝ 2020–2024 թթ․ ընթացքում արական սեռի մինչև 18 տարեկան 8721 ՀՀ քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։
«Մեկնում են ՀՀ–ից սովորելու, բուժվելու նպատակով և մինչև 27 կամ 37 տարեկանը չեն վերադառնում։ Ծառայության հետ անհամատեղելի հիվանդության թղթեր են պատրաստում»,–ասել է պատգամավորը:
Նա առաջարկում է առողջական խնդիրներ ունեցող որոշ քաղաքացիների զորակոչել բանակ՝ որոշակի սահմանափակումներով, ժամկետային ծառայության սահմանային տարիքը 27–ից դարձնել 37 տարեկան, ինչպես նաև մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը սահմանել 15 մլն դրամը:
Պատգամավորի համոզմամբ՝ սույն օրենսդրական փոփոխություններից գոյացող լրացուցիչ միջոցների մի մասը պետք է ուղղել պարտադիր զինվորական ծառայության անցնող շարքային կազմի դրամական ապահովության չափի բարձրացմանը, կրճատված ժամկետով զինվորական ծառայության հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։
«Զինծառայողները կունենան ընտրության հնարավորություն՝
1․ ծառայել 24 ամիս և ստանալ բարձր դրամանական ապահովություն,
2․ծառայել 6 ամիս և պետական բյուջե վճարել 15 մլն դրամ,
3․ծառայել 1 ամիս և պետական բյուջե վճարել 20 մլն դրամ։
Խրախուսել արական սեռի ներկայացուցիչներին ստանալ ՀՀ քաղաքացիություն մինչև սահմանային տարիքի լրանալը, տալով հնարավորություն ծառայել կրճատված ժամկետով, կամ պետական բյուջե վճարել սահմանված գումար»,–ասել է Հայկ Սարգսյանը։