
Պուտինը և Նեթանյահուն հեռախոսազրույց են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ․ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Քննարկվել են Մերձավոր Արևելքում լարված իրավիճակի տարբեր ասպեկտներ: Ռուսական կողմը հաստատել է իր անսասան դիրքորոշումը՝ տարածաշրջանում առկա խնդիրների և հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին:
Պուտինը, մասնավորապես, ընդգծել է Սիրիայի Արաբական Հանրապետության միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության, նրա ներքին քաղաքական կայունության ամրապնդման կարևորությունը՝ բնակչության բոլոր էթնիկ և կրոնական խմբերի օրինական իրավունքների և շահերի հարգման միջոցով:
Հաշվի առնելով իրանա-իսրայելական հակամարտության վերջին սրացումը՝ ռուսական կողմը հայտնել է իր պատրաստակամությունը՝ անել ամեն ինչ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցային լուծումներ գտնելուն նպաստելու համար:
Առաջնորդները համաձայնել են շարունակել երկխոսությունը միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ: