19 Օգս
2025
36.2° c ԵՐԵՎԱՆ
27.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
10 տարի հետո լինի, ես արդարանալու եմ, դուք եք մնալու մեղավոր ձեր զավակների առաջ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

10 տարի հետո լինի, ես արդարանալու եմ, դուք եք մնալու մեղավոր ձեր զավակների առաջ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Փաստաբան Երեմ Սարգսյանն ընդգծել է, որ համոզված է՝ Մելիքսեթյանը չի կարող այդ գործով ապահովել արդար քննություն։

Նիստերի դահլիճում էլ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դիմել է դատարանին. «10 տարի հետո լինի` ես արդարանալու եմ, դուք եք մնալու մեղավոր ձեր զավակների առաջ։ Ես չեմ հասկանում` ձեզ ի՞նչն է դրդում մասնակից դառնալ այս խարանի։ Սա է մեծագույն դժբախտությունը ինձ և մեզ համար։ Ես ցավում եմ ձեզ համար»,-ասել է հոգևորականը:

Հիշեցնենք, այսօր Սրբազանի գործով տեղի է ունենում երկրորդ նիստը։ Նախորդ նիստի ժամանակ դատարանը մերժել էր կալանքը փոխելու միջնորդությունը և միաժամանակ երկարացրել սրբազանի անազատությունը ևս 10 օրով։ Դատարանը մերժել էր նաև Միքայել սրբազանի վերաբերյալ գործը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանին փոխանցելու միջնորդությունը և հետաձգել քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումը։

Փաստաբանական թիմը պնդում է, որ դատարանը գործում է իշխանության հրահանգով և նպատակ ունի գործը հնարավորինս արագ ավարտել։ Որպես փաստարկ նրանք մատնանշում են, որ 6 աշխատանքային օրվա ընթացքում անցկացվել է արդեն 4 նիստ:

Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոսին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու կոչի հոդվածով՝ հիմնված նրա մեկ տարի առաջ տված հարցազրույցի վրա, որտեղ հոգևորականը խոսել է հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Մինչդեռ այդ խոսքերում մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը հանցակազմ չէր տեսել և գործ չէր հարուցել։

Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, Սրբազանին սպառնում է տուգանքից մինչև 5 տարի ազատազրկում:

Ռազմագերիներ