20 Օգս
2025
36° c ԵՐԵՎԱՆ
29.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Թրամփի ճանապարհը» կարող է մեծացնել Հարավային Կովկասում լարվածությունը. ICDS

«Թրամփի ճանապարհը» կարող է մեծացնել Հարավային Կովկասում լարվածությունը. ICDS

Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» վերանվանվել է «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP): Սպիտակ տունը գովաբանել է նախաձեռնությունը՝ որպես «Հարավային Կովկասի տարածաշրջանի ներուժը բացահայտելու» միջոց առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում՝ միաժամանակ հայտարարելով, որ ԱՄՆ-ն կունենա զարգացման բացառիկ իրավունքներ: Բայց առանց լայն աշխարհաքաղաքական հետևանքների բավարար հաշվարկի՝ այն կարող է նոր հակամարտություններ հրահրել․ գրել է The International Centre for Defence and Security-ն (ICDS) իր վերլուծականում։

Մինչ Բաքվի՝ «Զանգեզուրի միջանցքի» նախաձեռնությունը համարվում է Հայաստանի ինքնիշխանության խաթարում, Թրամփի երթուղին նախատեսում է «հարգանք երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության նկատմամբ»։

Այնուամենայնիվ, եռակողմ հռչակագիրը դեռևս խոստանում է «անարգել կապ» Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև, ինչը Բաքվին հնարավորություն է տալիս պահանջել մուտք առանց հայկական անձնագրային և մաքսային վերահսկողության։

Թրամփի երթուղու մանրամասները մնում են անորոշ, քանի որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հուշագիրը դեռևս հրապարակված չէ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունները ենթադրում էր, որ բանակցությունները կսկսվեն գագաթնաժողովից հետո։ Նախագիծը, ինչպես սպասվում է, կկառավարվի հայ-ամերիկյան կոնսորցիումի կողմից:

Մոսկվայի համար Թրամփի երթուղին վերացնում է միջանցքի երկայնքով իր սահմանապահներին տեղակայելու հեռանկարը, ինչպես նախատեսված է Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։ Սակայն Ռուսաստանի արձագանքն անսպասելիորեն մեղմ էր։ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է, որ տարածաշրջանային հարցերը պետք է լուծվեն Հարավային Կովկասի երկրների կողմից՝ իրենց անմիջական հարևանների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի աջակցությամբ՝ միաժամանակ ընդգծելով, որ 2020 թվականի եռակողմ համաձայնագիրը մնում է ուժի մեջ:

Մոսկվայի զսպվածությունը կարող է պայմանավորված լինել մի քանի գործոններով: Նախ, Թրամփին հակադրվելու դժկամությամբ, որի անձնական դիրքորոշումը Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ կարևոր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Երկրորդ, ռուս սահմանապահները շարունակում են հսկել Հայաստան-Իրան սահմանային հատվածը, չնայած նրանք հունվարին լքել են սահմանային անցակետը: Երրորդ, Ռուսաստանը դեռևս հույս ունի բացել իր գլխավոր հյուպատոսությունը Հայաստանի հարավում գտնվող Կապանում, ինչն ավելի քան երեք տարի քննարկվել է երկու երկրների դիվանագիտական ծառայությունների միջև: Նույնիսկ եթե Թրամփի երթուղին բացառի Ռուսաստանի ներգրավվածությունը միջանցքում, Մոսկվան կպահպանի իր ներկայությունը Հայաստանի ամենահարավային Սյունիքի մարզում:

Ի հակադրություն՝ Իրանի արձագանքը կտրուկ էր: Թեհրանը դեմ է եղել «Զանգեզուրի միջանցքին»՝ վախենալով կորցնել իր ռազմավարական կարևոր հյուսիսային առևտրային ուղին Հայաստանով: 2024 թվականի սեպտեմբերին իրանցի պաշտոնյաները հրապարակավ քննադատել են Մոսկվայի աջակցությունը Բաքվի «Զանգեզուրի միջանցքին»: Իրանը 2022 թվականին բացել է իր գլխավոր հյուպատոսությունը Կապանում, որի ընկերությունները մասնակցել են, այսպես կոչված, «Հյուսիս-Հարավ» միջանցքի Մեղրի-Քաջարան հատվածի ճանապարհաշինարարությանը:

Չնայած Փաշինյանի ջանքերին՝ Պուտինին և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանին վստահեցնելու «Թրամփի ճանապարհի» Մոսկվայի և Թեհրանի համար հնարավոր օգուտների մասին, սկեպտիցիզմը պահպանվում է: Եթե նախաձեռնությունը պարզվի, որ Թրամփի գործարքային ձեռնարկություններից ևս մեկն է՝ նման Ուկրաինայի հետ նրա «հանքանյութերի գործարքին», որը ձեռնարկվել է առանց բավարար չափով հաշվի առնելու ավելի լայն աշխարհաքաղաքական հետևանքները, այն վտանգում է նոր հակամարտություններ հրահրել Հարավային Կովկասի հարևանների հետ:

Թրամփի խաղաղության համաձայնագիրը փաստացիորեն մի կողմ է դրել Մոսկվային՝ Վաշինգտոնին դնելով Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության կենտրոնում։ Այն կարող է վերաձևավորել տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտը, սակայն անորոշ է մնում՝ արդյո՞ք սա իրական առաջընթաց կլինի, թե՞ ևս մեկ աշխարհաքաղաքական խնդիր։

Հիմնական անորոշությունների թվում են Ադրբեջանի կողմից Հայաստանում սահմանադրական փոփոխությունների շարունակական պահանջը, որը, հավանաբար, կապված է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, և Թրամփի ուղու շուրջ առկա երկիմաստությունները։ Իրանի կատաղի դիմադրությունը և Մոսկվայի զգուշավոր մանևրներն ավելի են ընդգծում անկայունության վերսկսման ռիսկը։

Ռազմագերիներ