19 Ապր
2025
20.1° c ԵՐԵՎԱՆ
5.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձություններն ու Հայաստանը․ ի՞նչ է պետք անել

Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձություններն ու Հայաստանը․ ի՞նչ է պետք անել

Վերջին մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը որոշ գործողություններ ձեռնարկեցին Իրանի դեմ, ինչը Մերձավոր Արևելքում ավելի սրեց առանց այն էլ լարված իրավիճակը։ Մասնավորապես, Իրաքի տարածքում ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Իրանից վերադարձող պրոիրանական զինյալներին, պատճառաբանելով, որ վերջիններս անընդհատ անօդաչուներով հարձակումներ էին գործում Իրաքում ամերիկյան ուժերի վրա, իսկ Եմենում էլ ամերիկացիները հարվածել են Հուսիտներին՝ ոչնչացնելով մի քանի փոքր նավեր և դրոններ։ Սրան զուգահեռ, Իսրայելը ևս հաջող գործողություններ է իրականացրել Սիրիայի տարածքում՝ անօդաչուների միջոցով սպանելով Իրանի Իսլամական պահապանների կորպուսի գեներալի։

 Առաջին հայացքից կարող է կարծիք ձևավորվել, որ այս իրադարձությունները զուտ տարածաշրջանային բախումներ են՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության նոր սրացման ֆոնին, սակայն տեղի ունեցողը ավելի գլոբալ նշանակություն ունի։

Գաղտնիք չէ, որ Իրանը Մերձավոր Արևելքում մեծ ազդեցություն ունի և կարող է խանգարող հանգամանք դառնալ ԱՄՆ-ի և հավաքական Արևմուտքի՝ հեռուն գնացող նպատակների համար։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ն և Իսրայելը կշարունակեն մեթոդաբար ճշգրիտ հարվածներ հասցնելով՝ ոչնչացնել Իրանին դաշնակից զինյալ խմբավորումների հրամանատարներին, որոնք էլ հանդիսանում են Իրանի ազդեցության գլխավոր հենարանը։ Այս պատկերն ամբողջացնում է Իրանի Իսլամական Պահապանների կորպուսի նախկին հրամանատարի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հիշատակի արարողության ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական ակտը, որի պատճառով զոհվեց հարյուրից ավելի մարդ։ ԱՄՆ-ն շտապեց իր և Իսրայելի անունից հայտարարել, որ իրենք կապ չունեն տեղի ունեցած հետ, սակայն ակնհայտ է նաև կարևոր մի փաստ, որ հիշատակի արարողության մասնակցում էին Պահապանների կորպուսի կարևոր ֆիգուրներ, տարբեր պետական գործիչներ, և պայթյունի արդյունքում նրանց լիկվիդացումը ձեռնտու կլիներ ԱՄՆ-ին և Իսրաելին։ Նույն ժանրի մեջ է մտնում ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածները Հուսիտ զինյալներին, որոնց աջակցում էր Իրանը։ Ըստ ԱՄՆ-ի՝ հուսիտները հարձակումներ են գործում Կարմիր ծովի և Ադենի ծովածոցի միջև եղած նեղուցով անցնող իսրայելական և այլ երկրների պատկանող բեռնատար նավերի վրա, և իր հարվածները զուտ կանխարգելիչ նշանակություն ունեն։ Նշենք, որ վերոհիշյալ ծովային ճանապարհը ստրատեգիական նշանակություն ունի Արևմուտքի համար, քանի որ այն Արևմուտքից դեպի հեռավոր արևելք՝ Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան տանող ամենակարճ ուղին է։ Եթե Ադենի ծովածոցից դեպի Կարմիր ծով տանող նեղուցը դարձավ վտանգավոր, ապա բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունները ստիպված կլինեն, Աֆրիկան շրջանցելով, հասնել Արևմուտք և Միջերկրական ծով, ինչն էլ կհանգեցնի միլիարդավոր դոլարների կորստի։ Սրան զուգահեռ կմեծանա Հյուսիս-Հարավ ճանապարհի նշանակությունը, որպես նշված ծովային ուղուն այլընտրանք, և այստեղ արդեն շահող կողմեր կդառնան Իրանը և Ռուսաստանը, որոնք հանդիսանում են Հյուսիս-Հարավ ճանապարհի հիմնական շահառուներ։

 Այսպիսով, թեթև վերլուծությունն իսկ ցույց է տալիս, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իրանի բախումներն ունեն շատ ավելի խորքային նշանակություն և կարող են ունենալ լուրջ ազդեցություն նոր աշխարհակարգի ձևավորման հարցում։

 ԱՄՆ-ին հարկավոր է, նախ չեզոքացնել իր երեք հիմնական հակառակորդներից երկուսին՝ Ռուսաստանին և Իրանին, և նա ակտիվորեն այդ ուղղությամբ քայլեր է ձեռնարկում, որպեսզի վերջիններս նոր աշխարհակարգի ձևավորման վերջնական փուլում չլինեն, որպես խանգարող հանգամանք, և ԱՄՆ-ն հավաքական Արևմուտքի հետ մնա միայնակ Չինաստանի դեմ։ Սա բխում է ԱՄՆ-ում վաղուց մշակված «Անակոնդայի» ռազմավարությունից։

 Այս ամենի ֆոնին, որպեսզի հստակ ձևակեպվեն Հայաստանի շահերը, նախ պետք է հասկանալ տարածաշրջանում մյուս խաղացողների՝ մասնավորապես Թուրքիայի շահերը։ Բնական է, որ եթե ԱՄՆ-ին հաջողվի թուլացնել Իրանին, դա միանշանակ կբխի Թուրքիայի շահերից, և սրան զուգահեռ, Թուրքիային ձեռնտու չէ Կարմիրծովյան ուղու նշանակության թուլացումը և Հյուսիս-Հարավ ճանապարհի նշանակության մեծացումը, քանի որ վերոնշյալ ծովային ուղին նույնքան կարևոր է Թուրքիայի համար, որքան այն կարևոր է Իսրայելի և Արևմուտքի համար, իսկ Հյուսիս-Հարավ ճանապարհը շրջանցում է Թուրքիան և մրցակցային է, ոչ միայն նշված ծովային ուղու՝ այլև Արևմուտքի առաջարկած՝ դեպի Արևելք հորիզոնական անցնող ճանապարհի համար, որն անցնում է Թուրքիայով։

 Այսպիսով, Հայաստանը հետագայում իր աշխարհաքաղաքական առաջնությունները ձևակերպելիս պետք է առաջնորդվի համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների շահերի գիտակցմամբ, որպեսզի ճիշտ համադրի նրանց հետ իր շահերը։   

Աշոտ Բարեքյան
քաղաքագետ

Ռազմագերիներ