28 Նոյ
2024
4.1° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հանրայինի շուրջ ընկալման իներցիա կա․ ջանքեր ենք գործադրում, դեռ հաղթահարել չի ստացվում․ Գարեգին Խումարյան

Հանրայինի շուրջ ընկալման իներցիա կա․ ջանքեր ենք գործադրում, դեռ հաղթահարել չի ստացվում․ Գարեգին Խումարյան

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանի անդրադարձը հանրային հեռարձակման բնույթին և իր նախորդ հոդվածի շուրջ ստեղծված իրավիճակին․

 

«Խորհրդարանն ընտրում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամներին:

 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները նշանակում են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովը:

 

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ ընտրող հանձնաժողովն ընտրում է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամներին (ներեցեք ֆրանսերենս):

 

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները նշանակում են գործադիր տնօրենի հաստիքի համար հայտարարվող ու անցկացվող մրցույթների ընտրիչներին (համենայդեպս մինչ այժմ այդպես է եղել և, օրինակ, ինձ ընտրած 5 ընտրիչներից միայն 2-ն էին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ):

 

Ընտրիչներն ընտրում են գործադիր տնօրեններին:

 

Հանրային հեռարձակողները փակ բաժնետիրական ընկերություններ են, որոնց բաժնետոմսերի 100%-ը, այո, պետության ձեռքում է, բայց հնգաստիճան ընտրական այս լաբիրինթոսը, ի թիվս օրենսդրական այլ երաշխիքների, ներդրված է հենց այն բանի համար, որ Հանրայինի գործադիր տնօրենը հանկարծ ու հանկարծ չլինի պետական որևէ պաշտոնյայի կողմից ուղղակիորեն նշանակված և հանկարծ ու հանկարծ պետական կառավարման ուղղահայացի մասը չկազմի:

 

Հանրային հեռարձակման կարգավորումներն այնպես են արված, որ լաբիրինթոսի օղակներից որևէ մեկում նվազագույն դիմադրությունն ու մրցակցությունը գործարկում են այդ կարգավորումների մեջ իսկ դրված զսպումների և հակակշիռների մեխանիզմը, ինչի արդյունքում հանրությունը միայն և միայն հավելյալ արժեք է ստանում:

 

Բայց և այնպես հանրայինի շուրջ կա ընկալման իներցիա, որ որքան էլ ջանք ենք գործադրում, առայժմ հաղթահարել չի ստացվում:

 

Մեզ շարունակում են ընկալել իբրև պետական լրատվամիջոց, պետական կառավարման համակարգի մաս, պետության շարունակություն:

 

Կառավարությունը ստեղծել է լրատվամիջոցներ, իջեցրել ֆինանսավորում, որպեսզի դրանք ապահովեն պետության ներկայությունը տեղեկատվական դաշտում: Այս կարծրատիպն է, որ պիտի հաղթահարած լինեինք:

 

Իրականում հակառակն է: Հանրությունը, հասկանալով, որ մասնավոր լրատվամիջոցների աշխատանքը կարող է կրել սեփականատերերի, խոշոր գովազդատուների ու նրանց քաղաքական հովանավորների պատկերացումների ազդեցությունը (ասում եմ որպես մեկը, ով մինչև հանրային գալը մի ողջ կյանք մասնավոր լրատվամիջոցներ է ղեկավարել), հիմնում է իր լրատվամիջոցը և հանձնարարում  կառավարությանը հոգալ այդ լրատվամիջոցի ծախսերը իր վճարած հարկերից:

 

Այլ բան, որ ռադիոյի դեպքում մենք իսկապես կրում ենք տասնամյակներ շարունակ պետական լրատվամիջոց եղած լինելու, ապա քայլ առ քայլ կրկին տասնամյակների ընթացքում հանրայինի վերածվելու ինստիտուցիոնալ սպիները:

 

Եվս մեկ անգամ ՝ հանրությունը ստեղծում է լրատվամիջոց, պատվիրակում կառավարությանը վերցնել այն իր բալանսի վրա և վճարել դրա ծախսերը:

 

Սա է հանրային հեռարձակման բնույթը:

 

Մենք՝ Հանրային ռադիոյի աշխատակիցներս, այս սկզբունքով էլ առաջնորդվում ենք, ու մեր ռադիոլսողները դա գերազանց գիտեն, ու, վստահ եմ, որ ում-ում՝ մեր ռադիոլսողներին նախորդ հոդվածս բնավ չի զարմացրել:

 

Զարմացրել է դրա շուրջ ստեղծված իրավիճակը՝ գործողություններիս իրավական և էթիկական նորմերին համապատասխանելու հարցը Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից քննել խոստանալը, ապա այդ հարցը Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների ինքնակարգավորման նախաձեռնության ԶԼՄ-ների Էթիկայի Դիտորդ մարմնին վերապատվիրակելը:

 

Այստեղ, սակայն, դրական բան էլ կա: Ցանկացած ինքնակարգավորում շատ ավելի լավ է, քան ուղղահայաց կառավարման փորձերը՝ անգամ լաբիրինթոսի աստիճաններից մեկում դիմադրության ու մրցակցության պայմաններում:

 

Փորձենք իրավիճակից շահած դուրս գալ: Տպավորություն ունեմ, որ ստեղծված իրավիճակը հղի է ռեպուտացիոն լրատվամիջոցների ապագայի, լրագրողական ստանդարտների ու հանրային հեռարձակման արժեքների շուրջ մասնագիտական լուրջ և արգասաբեր բանավեճի վերածվելու հեռանկարով:

 

Գարեգին Խումարյան

Գործադիր տնօրեն

Հայաստանի Հանրային Ռադիո

 

Հ.Գ. Հոգաչափ շնորհակալ եմ աջակցության հարյուրավոր զանգերի, հաղորդագրությունների և գրառումների համար: Աննկարագրելի տպավորված եմ լրագրողական մեր համքարության արձագանքով՝ իրավիճակը լուսաբանող տասնյակ հրապարակումներով և հաջակցություն սկսված ստորագրահավաքով: Սա միջանկյալ «շնորհակալությունն» էր: Հիմնականը՝ շուտով»: