26 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ազգային նախշերով շապիկների, պայուսակների գույները հուշերիս պես վառ եմ թողել. Արցախից բռնի տեղահանված

Ազգային նախշերով շապիկների, պայուսակների գույները հուշերիս պես վառ եմ թողել. Արցախից բռնի տեղահանված

Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից տեղահանված Ալյոնա Սարգսյանը
44-օրյա պատերազմից հետո գյուղում թողեց ներկերով լցված արվեստանոցը, կիսատ նկարներն
ու գյուղի հետ կապված երազանքները։ 

«Մենք շատ հագեցած օր էինք ունենում գյուղում։ Ամեն օր նույն ժամին
երեխաներով հավաքվում էինք մեր թաղամասում, խաղում, վիճում ու մեր մայրերի ձայնից զգաստացած՝
տուն վազում՝ իբր դաս սովորելու»,- պատմում է նա։

Պատերազմից հետո Ալյոնայի ընտանիքը Արցախ չի վերադարձել, միայն
ինքն է եկել ու շարունակել ուսում Արցախի պետական համալսարանում։

«Մենք ուսանողներով գնում էինք քաղաքից դուրս ու բնության ամեն
մի մանրուք նկարել սովորում մեր դասախոսների հետ։ Նկարել շատ եմ սիրում ու փորձում
եմ սիրուն նկարել։ Հմտությունս եկամտի աղբյուր դարձրի։ Սկզբում ընդունում էի դիմանկարների
պատվերներ, հետո նկարում էի պայուսակներին, շապիկներին»,- պատմում է նա։

Ալյոնան բիզնեսը սկսել է շրջափակման ժամանակ, երբ ինչ-որ գործ սկսելը
անիրատեսական էր։ Քաղաքի մի ծայրից մյուսն էր քայլում՝ ներկ, շապիկ ու պայուսակ գտնելու
համար։ Հիմա ամեն ինչ ունի, հաճախորդներն են քիչ։

«Իմ աշխատանքները հիմնականում արցախյան թեմայով են լինում։ Անհատական
պատվերներ այլ թեմաներով ընդունում եմ, բայց երբ ինքս ինչ-որ նորություն եմ ստեղծում
կենտրում Արցախն է՝ ստեղծագործական մտքիս հեղինակը»,- ասում է նկարչուհին։

Արցախից հեռու Ալյոնան որոշել է շարունակել աշխատանքը, ընտանիք
կազմել ու փորձել ապրել Հայաստանում։ Հայաստանում մինչև տուն՝ Արցախ վերադառնալը։