Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը մարտի 14-ին խորհրդարանում հանդիպել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի հետ` կառավարող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար, Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսի գլխավորությամբ:
Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ Հայաստանի դեսպանը իր երախտագիտությունն է հայտնել հյուրընկալող կողմին նոր ձևավորված բարեկամության խմբի հետ հանդիպման համար։ Դեսպանն ընդգծել է բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը և այդ համատեքստում անդրադարձել խորհրդարանական դիվանագիտությանը՝ որպես կարևոր հարթակ երկկողմ և բազմակողմ հարաբերություններում:
«Ընդգծելով փոխադարձ այցերի և իրավիճակին տեղում ծանոթանալու կարևորությունը՝ դեսպան Մկրտչյանը վերահաստատեց հայկական կողմի հրավերը Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան բարեկամական խմբին այցելել Հայաստան՝ պարոն Կալաֆատիսի գլխավորությամբ։
Ստավրոս Կալաֆատիսն իր հերթին ընդգծեց հայ-հունական բացառիկ և եղբայրական հարաբերությունների բարձր մակարդակը, որը ևս մեկ անգամ փաստում է, որ անհրաժեշտ է խթանել և է՛լ ավելի խորացնել այդ կապերը՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարեկեցության»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ հույն խորհդարանականը նաև հավելել է, որ հունական կողմը պատրաստ է ընդունելու և քննարկելու մտքեր, առաջարկներ, քայլեր, որոնք կծառայեն ընդհանուր նպատակներին։ Այս համատեքստում նա կարևորել է երկկողմ այցերի իրականացումը և սիրով ընդունել հայկական կողմի՝ Հայաստան այցելելու հրավերը։
«Մենք խորապես հավատում ենք խորհրդարանական դիվանագիտության ներուժին»,- նշել է Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ստավրոս Կալաֆատիսը դեսպան Մկրտչյանի հետ հանդիպման ավարտին:
Նշվում է, որ դեսպան Մկրտչյանը բարեկամական խմբին ներկայացրել է նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում առկա մարտահրավերները և դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի քայլերը, այդ թվում՝ և վստահելի գործընկերների հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ։ Այս համատեքստում ընդգծվել է Եվրամիության հետ հարաբերությունների օրակարգն առավել ընդգրկուն դարձնելու հրամայականը։