Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքների ուղերթները
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարություն է տարածել․
«Անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով, ավտոճանապարհներին և երկաթուղային գծերին սելավահոսքի առաջացման պատճառով Այրում-Ախթալա հատվածում տարերքի հետևանքների վերացման հետ կապված վերանորոգման և վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով՝ 2024թ. մայիսի 26-ից կչեղարկվեն Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով միջազգային գնացքները ։
Տոմսերի վերադարձի վերաբերյալ ՝ այն ուղևորները, ովքեր տոմսերը գնել են առցանց, վերադարձը կատարում են նույն եղանակով, օգտվելով առցանց գնման հարթակից: Տոմսարկղերից տոմս գնած ուղևորները վերադարձը կատարում են նույն տոմսարկղներում»։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Լոռու մարզում գիշերը տեղացած հորդառատ անձրևի պատճառով վարարած Դեբեդն իր ճամփին քշել տարել է ամեն բան: Ավերված և անանցանելի են Մ6 մայրուղու տարբեր հատվածներ։