Ինչու՞ են կորեացի ծնողները փակվում «Երջանկության գործարանի» խցերում
Հարավկորեացի ծնողներն ինքնակամ փակվում են «Երջանկության գործարան» կոչված վայրում՝ խցերի մեջ։ Այստեղ յուրաքանչյուր փոքրիկ սենյակ արտաքին աշխարհի հետ կապող միակ բանը սնունդ փոխանցելու նպատակով դռան վրա բացված անցքն է․ գրում է BBC-ն։
Խցերի ներսում արգելված են հեռախոսներն ու համակարգիչները։
«Երջանկության գործարանի» սենյակներում գտնվող անձինք կարող են հագնել բանտային կապույտ համազգեստ, սակայն նրանք բանտարկյալներ չեն։ Նրանք պարզապես գալիս են այստեղ «կալանքի փորձառություն» ձեռք բերելու համար:
Այս ծնողների մեծ մասն ունի երեխա, որը լիովին մեկուսացել է հասարակությունից, և իրենց՝ խցերում փակվելու նպատակն այն է, որ իրենց մաշկի վրա զգան՝ ինչ է նշանակում աշխարհից կտրված լինել:
Հասարակությունից մեկուսացած երիտասարդներին անվանում են հիկիկոմորի (hikikomori), տերմին, որը ստեղծվել է Ճապոնիայում 1990-ականներին՝ դեռահասների և երիտասարդների շրջանում սոցիալական մեկուսացումը նկարագրելու համար:
Մեկուսացման ծրագրի շրջանակներում ծրագրի մասնակիցները երեք օր անցկացնում են մենախուց հիշեցնող մի սենյակում՝ իրենց երեխաներին ավելի լավ հասկանալու նպատակով։