Հայաստանը պետք է զգույշ քայլի, որպեսզի խուսափի Հարավային Կովկասում նուրբ հավասարակշռության ապակայունացումից. փորձագետներ
2025 թվականի հունվարի 8-ին Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծին։ Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ դա ընդամենը դիվանագիտական երկարատև բանակցային գործընթացի սկիզբն է, այդ քայլն, այնուամենայնիվ, արժանացել է միջազգային ուշադրության։
EU Today– ի հրատարակիչ Գարի Քարթրայթն այդ առնչությամբ նշել է. «Տպավորություն է ստեղծվում, որ նա(Փաշինյանը) Հայաստանին տանում է դեպի ԵՄ, չնայած փաստացի անդամակցությանն, ամենայն հավանականությամբ, տասնամյակներ կան»:
Քարթրայթը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված լարվածությունը կարող է խաթարել Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտումները: «Հետկոնֆլիկտային իրավիճակները միշտ էլ դժվար է կառավարել», – նշել է նա և հավելել, որ «Հայաստանում ղեկավարության փոփոխությունն իրականում կարող է նպաստել տարածաշրջանային հարաբերությունների բարելավմանը»:
Ռուս քաղաքական վերլուծաբան Դմիտրի Բաբիչն, իր հերթին, քննադատել է ԵՄ-ի դերը տարածաշրջանում. «Արևմուտքի առաքելությունները պատմականորեն անարդյունավետ են եղել երկարամյա հակամարտությունները լուծելու համար: Մինսկի խումբը վառ օրինակ է, քանի որ տասնամյակների ընթացքում նա գործնականում ոչ մի բանի չի հասել»:
ԵՄ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Հայաստանի ձգտումը դիտվում է որպես Ռուսաստանից իր կախվածությունը նվազեցնելու ավելի լայն փորձի մաս: Սակայն, ինչպես նշել է Բաբիչը, սա առանց ռիսկերի չէ։
«Հայաստանը պետք է գիտակցի, որ ԵՄ-ի հետ ավելի սերտ կապերը կարող են նշանակել զրկվել այն տնտեսական օգուտներից, որոնք նա ստանում է Եվրասիական տնտեսական միությունից»,- զգուշացրել է նա։ Բաբիչի խոսքով՝ սա միայն աշխարհաքաղաքականության մասին չէ. սա նաև գաղափարախոսության մասին է: «Հայաստանը պետք է զգույշ քայլի, որպեսզի խուսափի Հարավային Կովկասում նուրբ հավասարակշռության ապակայունացումից»,- ընդգծել է քաղաքագետը: