
Պակիստանում մուսսոնային անձրևների պատճառով վերջին մեկ ամսում զոհվել է մոտ 300 մարդ
Հունիսի վերջից ի վեր Պակիստանում տեղացած ուժեղ մուսսոնային անձրևների և դրանց հետ կապված միջադեպերի պատճառով զոհվել է առնվազն 279 մարդ, վիրավորվել՝ 676-ը․ հայտնել են պակիստանյան լրատվամիջոցները։ Ավելի քան 1500 շենք է վնասվել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են։
Զգալի վնաս է հասցվել անասնապահությանը և գյուղատնտեսական արդյունաբերությանը։ Ամենամեծ թվով զոհեր գրանցվել են Փանջաբում՝ 151 զոհ և 536 վիրավոր։ Հյուսիսարևմտյան Խայբեր-Պախտունխվա նահանգում զոհվել է 64 մարդ, վիրավորվել՝ 80-ը։
Երկրի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և տարերքներից վնասը նվազագույնի հասցնելու համար։ Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ ուժեղ անձրևները կշարունակվեն առաջիկա օրերին։ Հարավային Ասիայում հունիսից մինչև սեպտեմբեր տևող մուսսոնային անձրևների սեզոնը ամեն տարի հանգեցնում է մեծածավալ ավերածությունների և մարդկային զոհերի։