
Լաթաքիայում հայերին հրահանգվել է տանից դուրս չգալ. իրավիճակը ներկայացնում է տեղի հայազգի լրագրողը
Սիրայի Լաթաքիա քաղաքում երեկ և այսօր լարված իրավիճակ է։ Քաղաքում բախումներ են ընթանում, հայերն իրենց տներից աղմուկ են լսում, բախումների ձայներ, բայց մանրամասն լրատվությունչուն չունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է հայկական «Գանձասար» պարբերականի Լաթաքիայի թղթակից Նաիրի Կարապետյանը՝ նշելով, որ հայ համայնքի պատասխանատուները հրահանգել են բնակիչներին տանից դուրս չգալ, փակ են հայկական դպրոցներն ու եղեղեցին՝ որպես ապահովության միջոց։
Նրա փոխանցմամբ՝ բախումների մասին տեղեկանում են այնքանով, որքանով հաղորդվում է արաբական հեռուստաալիքներով, եւ տանից լսում են դրսից եկող ձայները։
«Անվտանգային ուժերը փորձում են իրավիճակը կարգավորել, այս գիշերվանից մինչև առավոտյան 10-ը հայտարարված էր պարետային ժամ, բայց հետո այն երկարաձգվեց մինչև երեկոյան ժամը 9-ը։ Հայերս սպասում ենք իրավիճակի հանդարտվելուն»,- նշեց մեր գործընկերը՝ ավելացնելով, որ հայկական դպրոցներն ու եկեղեցին կբացվեն, երբ վստահ լինեն, որ խաղաղ է։
Երեկ կեսգիշերից Սիրիայի բոլոր նահանգներում իրավիճակը լարվել է։
«Տեղեր կան, որ պարզապես ժողովուրդն է զորակցական ցույցերի դուրս եկել՝ իշխանություններին աջակցելու համար, տեղեր կան, որ ուղղակի ջարդեր են եղել, բայց Հալեպում իրավիճակը հանգիստ է»,- այս մասին «Փաստինֆո» -ին հայտնեց Սիրիայում իշխանափոխությունից հետո լուծարված խորհրդարանի հայ համայնքի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։