
Շնորհակալություն Պուտինին և Թրամփին. ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո առաջին քայլն են արել դեպի նոր միություն․ BBC
Brexit-ից հետո առաջին անգամ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ը միմյանց մոտեցման քայլ են կատարել։ Մայիսի 19-ին նրանց առաջնորդները կհանդիպեն Լոնդոնում՝ նոր հարաբերություններ կառուցելու աշխարհում, որը փոխվել է հինգ տարվա ընթացքում, երբ Դոնալդ Թրամփն առևտրային պատերազմներ է մղում Եվրոպայի դեմ, իսկ Վլադիմիր Պուտինը՝ իրական պատերազմներ. գրել է BBC-ին։
Brexit-ի չեղարկումը Մեծ Բրիտանիայում մնում է տաբու, սակայն այժմ իշխող Լեյբորիստական կուսակցությունը՝ վարչապետ Քեյր Սթարմերի գլխավորությամբ, անցյալ ամառ խոստացել է դադարեցնել վիճաբանությունները Եվրոպայի հետ և կամուրջներ կառուցել։
«Գագաթնաժողովը ցույց կտա, թե արդյոք ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան պատրա՞ստ են խոսքերից անցնել գործի։ Սակայն, կարծես թե, բոլորի հավակնությունները համեստ են, քանի որ ոչ ոք չի ցանկանում հատել իր սեփական «կարմիր գծերը»։ Այսպիսով՝ մենք գտնվում ենք միայն երկարատև բանակցային գործընթացի հենց սկզբում», – ճեպազրույցի ժամանակ նշել է բրիտանական «Մեծ Բրիտանիան փոփոխվող Եվրոպայում» կենտրոնի փորձագետ Յաննիկ Վաչովյակը։
Բրիտանացիների համար այս «կարմիր գծերը» ԵՄ մաքսային միությանը կամ միասնական շուկային վերադարձն ու քաղաքացիների ազատ տեղաշարժն են։ Այս ամենը դիտվում է որպես Brexit-ի դավաճանություն և «ժողովրդի կամքի» շրջադարձ, ուստի՝ սահմանը չանցնելու խոստումը փորագրված է Քիր Սթարմերի կուսակցության նախընտրական ծրագրում։
Եվրոպայում նույնպես իրականում չեն սպասում Մեծ Բրիտանիային և ամեն կերպ դիմադրում են նրա փորձերին՝ բանակցելու հատուկ դիրքորոշման և ընդհանուր կանոններից բացառությունների շուրջ։ Այսպիսով՝ Brexit-ի չեղարկման մասին խոսք չկա, բայց դա չի նշանակում, որ եվրոպացիներն ու բրիտանացիները խոսելու բան չունեն։
Այժմ Չինաստանը մայրցամաքի տնտեսական անվտանգության հիմնական մրցակիցն ու սպառնալիքն է, իսկ Թրամփի գլխավորությամբ՝ ԱՄՆ-ն ոչնչացնում է հենց այն ազատ առևտուրը, որով Brexit-ի գաղափարախոսները գայթակղել էին բնակչությանը։
Գագաթնաժողովի գլխավոր փաստաթուղթը կլինի անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության մասին պայմանագիրը։ Պատճառը մեկն է․Դոնալդ Թրամփը վերադարձել է իշխանության Միացյալ Նահանգներում։
«Թրամփի ռուսաֆիլիայի մասին ակնարկները և եվրոպական անվտանգությունը երաշխավորելուց հրաժարվելը ստիպել են Եվրոպային ստանձնել իր պաշտպանությունը։ Մեծ Բրիտանիայի հետ համաձայնագիրը հեռավոր հեռանկարից վերածվել է երաշխավորված մոտ ապագայի, քանի որ այլընտրանքը, կարծես, Եվրոպայի անկարողությունն է համարժեք արձագանքելու իրավիճակին», – գրել է ECIPE հետազոտական կենտրոնի փորձագետ Դեյվիդ Հենիգը։
Մեծ Բրիտանիան միջուկային տերություն է և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ ԵՄ-ը մոլորակի ամենամեծ քաղաքական և տնտեսական միությունն է՝ գրեթե կես միլիարդ բնակչությամբ։ Սակայն, Brexit-ից ի վեր, նրանց միջև անվտանգության ոլորտում համագործակցության պաշտոնական համաձայնագիր չի կնքվել։
Մեծ Բրիտանիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչպես ԵՄ 27 երկրներից 23-ը։ Սակայն պաշտպանական պայմանագիրն ավելի լայն է. այն վերաբերում է ոչ միայն պաշտպանությանը, այլև՝ տնտեսական անվտանգությանը, ենթակառուցվածքներին, էներգամատակարարմանը, ինչպես նաև միգրացիայի և միջազգային հանցագործության հարցերին։ Ավելին, այն թույլ կտա բրիտանական ընկերություններին դիմել ԵՄ նոր SAFE վերազինման հիմնադրամից մինչև 150 միլիարդ եվրոյի ֆինանսավորման համար։
«Իրավիճակը շատ պարզ է. Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կհամաձայնվեն, քանի որ պարզապես չեն կարող իրենց թույլ տալ չհամաձայնվել», – գրել է Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով առաջատար փորձագետներից մեկը՝ Միջ Ռահմանը։
Բրիտանական իշխանությունները նույնպես ունեն իրենց սեփական խնդիրները։ Մայիսի տարածաշրջանային ընտրություններում աջակողմյան ազգայնականների հաջողությունը նրանց ստիպել է խստացնել ներգաղթի կանոնները, և այս համատեքստում՝ Եվրոպայի թեման դարձել է ավելի թունավոր, քան՝ նախկինում։