
Ճամբարակում դադարեցվել են որոնողափրկարարական աշխատանքները
Այսօր Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում տեղի ունեցած պայթյունից հետո իրականացված լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և դեպքի վայրում սահմանվել է հերթապահություն՝ ընթացիկ խնդիրների կարգավորման համար. այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը.
«Շուրջ 282 փրկարարական ծառայողների և ոստիկանների ներգրավմամբ իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նաև մինչ այդ որոնվող տղամարդու դին։
Պատահարի հետևանքով զոհվել է հինգ անձ։
Շարունակվում են միջգերատեսչական մակարդակով աշխատանքները, մարզային և համայնքային իշխանությունների ներգրավմամբ, տարբեր, այդ թվում՝ շենքի բնակիչների կարիքների գնահատման, անհրաժեշտ դեղորայքի, սննդի, կացարանով ապահովելու, պատահարի հետևանքների չեզոքացման և այլ առաջնային ուղղություններով։
Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 4-րդ շենքում սահմանված հերթապահությանը ներգրավված է շուրջ 35 փրկարարական ծառայող’ ընթացիկ խնդիների օպերատիվ կարգավորման նպատակով», – գրել է նա: