
Փաշինյանի գործողությունները եկեղեցին ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելու, այն թուլացնելու և պառակտելու նպատակ ունեն․ Московский Комсомолец
Հունիսի 11-ի գիշերը հարյուրավոր մարդիկ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ով ժամանել էր ԱՄԷ-ից: Այս կերպ հայերը իրենց աջակցությունն էին հայտնում պատրիարքին, որը վերջին օրերին ենթարկվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոշտ հարձակումներին: «Թավշյա հեղափոխության» առաջնորդը ձգտում է հեռացնել ՀԱԵ-ի ղեկավարին և ցանկանում է վերահսկել նոր կաթողիկոսի ընտրության գործընթացը: Իր վրացի գործընկեր Միխեիլ Սաակաշվիլիի համար եկեղեցու վրա հարձակումն ավարտվեց իշխանության կորստով․ գրել է Московский Комсомолец-ը։
Ըստ պարբերականի՝ Փաշինյանի հարձակումը Հայ եկեղեցու վրա հասկանալի է. այն իր վերահսկողությունից դուրս ազդեցության կենտրոն է: Ղարաբաղյան պատերազմում պարտությունից հետո ՀԱԵ-ն պահանջել է նրա հրաժարականը: 2024 թվականի մայիսին բոլորը համոզվել են, թե որքան ազդեցիկ է եկեղեցին հայ հասարակության մեջ, երբ «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոսը կարողացավ հարյուր հազարավոր մարդկանց մոբիլիզացնել Երևանում բողոքի ցույցերի համար: Փաշինյանի գործողությունները նպատակ ունեն թուլացնելու կամ պառակտելու եկեղեցին: Հնարավոր է, որ նա կհետևի Կիևի ճանապարհին՝ ձևավորելով զուգահեռ «եկեղեցի»՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ, որը կգրավի իրական Հայ Առաքելական եկեղեցու տաճարները: «Համակարգող խմբի» ստեղծումն այս ճանապարհի առաջին քայլն է: Այն կարող է ընտրել իր սեփական կաթողիկոսին և սկսել ներգրավել քահանաներին, իսկ «անհավատարիմ» հոգևորականները կհետապնդվեն: Ինչպես ընդգծել է, մինչև հիմա Փաշինյանին հաջողվել է անել անհնարինը: Նրան հաջողվել է պահպանել իշխանությունը նույնիսկ պատերազմում պարտվելուց և Ղարաբաղը կորցնելուց հետո: Բայց այս իրավիճակում նա մեծ ռիսկի է դիմում: