14 Օգս
2025
28.2° c ԵՐԵՎԱՆ
21.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոփոխվող Հարավային Կովկաս․ Թրամփի հյուրընկալած գագաթնաժողովը վաղաժամ լավատեսություն  է առաջացրել․ AL Jazeera

Փոփոխվող Հարավային Կովկաս․ Թրամփի հյուրընկալած գագաթնաժողովը վաղաժամ լավատեսություն  է առաջացրել․ AL Jazeera

Մի շարք փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանի և Հայաստանի կողմից ստորագրված տարանցիկ միջանցքի մասին պայմանագիրը կարող է փոխել խաղի կանոնները․ գրել է AL Jazeera-ն։

Ինչպես նշվել է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նրա հանգուցյալ հայր Հեյդար Ալիևը և նրանց ամենամոտ քաղաքական դաշնակիցներից մի քանիսը ծագումով Նախիջևանից են։

Այս փոքրիկ, լեռնային և թերզարգացած տարածքի անվանումը, որը գտնվում է Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, անծանոթ է հնչում Հարավային Կովկասի ռազմավարական տարածաշրջանից դուրս գտնվողների համար։ Սակայն Նախիջևանի անունը և աշխարհաքաղաքական նշանակությունը գլուխ բարձրացրին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կազմակերպեց Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների գագաթնաժողովը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին նախնական խաղաղության համաձայնագիր՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ տասնամյակներ շարունակվող հակամարտությանը վերջ դնելու համար։

Լեռնային Ղարաբաղի համար 2020 թվականի պատերազմում հաղթանակ տանելուց և երեք տարի անց դրա նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո, Բաքուն ձգտում է վերակենդանացնել «Զանգեզուրի միջանցքը»՝ պահանջելով դրա արտատարածքայինլ լինելը և նույնիսկ մտածելով ռազմական ուժի կիրառման մասին։

Պատճառները շատ ավելի հեռու են գնում, քան պարզապես Ալիևի նախնիների հողեր մուտքի վերականգնումը։ Միջանցքը կարող է դառնալ Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի միջև հսկայական տրանսպորտային հանգույց։

Այն կարող է մեծացնել Կենտրոնական Ասիայի ածխաջրածինների հոսքը դեպի Թուրքիա և այնուհետև՝ Եվրոպա, խթանել տարածաշրջանային տնտեսությունը և խափանել Ռուսաստանի երկդարյա գերիշխանությունը տարածաշրջանում, որը ներառում է նաև Վրաստանը։

Հայաստանը դժկամությամբ էր թույլատրում Ադրբեջանին մուտք գործել միջանցք՝ վախենալով, որ համարձակված թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է վտանգել իր անվտանգությունը։

Ըստ ադրբեջաբական կայքերից մեկի գլխավոր խմբագիր Էմիլ Մուստաֆաևի՝ Թրամփը կտրել է գորդյան հանգույցը, և նրա դերը «ըստ էության, ամրապնդում է նոր իրականությունը տարածաշրջանում»։

«Սա լուրջ փոփոխություն է Հարավային Կովկասի անվտանգության ճարտարապետության և տրանսպորտային լոգիստիկայի մեջ», – նշել է նա AL Jazeera-ի հետ զրույցում։

Սպիտակ տանը գտնվելու ընթացքում Ալիևն ու Փաշինյանը գովեստի խոսքեր են ասել Թրամփին և նրան առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի։

Նրանք նաև շոյեցին Թրամփին՝ միջանցքն անվանելով «Թրամփի երթուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) և այն վարձակալության տալով Վաշինգտոնին՝ մինչև 99 տարի ժամկետով՝ բացառիկ զարգացման իրավունքով։

Սա իրականում տեկտոնական տեղաշարժ է ազդարարում։

«Թրամփի վարչակազմն իսկապես արագորեն գտավ ճանապարհը դեպի վաղուց սպասված աշխարհաքաղաքական շրջադարձը», – նշել է տարածաշրջանի փորձագետ Անդրեյ Կազանցևը։

Ըստ նրա՝ Չինաստանը, որը Ասիայում և Արևելյան Եվրոպայում առաջ է մղում իր «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը, կարող է «չեզոք» մնալ դրա նկատմամբ, իսկ Ռուսաստանը, որը Հայաստանում ունի ռազմաբազա, կարող է «անտեսել այն, գոնե հրապարակայնորեն։ Բայց Իրանի համար դա իսկական հարված է։

Ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Ալեքսեյ Կուշչը նշել է, որ TRIPP-ը պաշտպանելու համար Վաշինգտոնը կարող է օգտագործել մասնավոր ռազմական ընկերություն և, ի վերջո, կառուցել ռազմական բազա, որը ձևականորեն կպաշտպանի Հայաստանը, բայց իրականում կհետևի Իրանին։ Դա նշանակում է Իրանի վրա ավելի մեծ պոտենցիալ ճնշում և Վաշինգտոնի ազդեցության ուժեղացում ռեսուրսներով հարուստ Կասպից տարածաշրջանում, որտեղ ամերիկյան նավթային ընկերությունները զգալի ներդրումներ են կատարել 1990-ականներին։

Մոսկվան նույնպես շատ բան է կորցնելու։

«Անկախ նրանից, թե որքան պարադոքսալ է հնչում, հենց Մոսկվան է եղել և մնում որոշիչ գործոն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարգավորման և վերջինիս Նախիջևան մուտք գործելու խնդրի լուծման գործում», – նշել է Լոնդոնում գործող Central Asia Due Diligence վերլուծական կենտրոնի ղեկավար Ալիշեր Իլհամովը։

«Երկու կողմերի մերձեցման հիմնական դրդապատճառներից մեկը նրանց ձգտումն է՝ ազատվել Մոսկվայի ազդեցությունից, այն խաղաղապահի դերից, որը նրանց է պարտադրվել», – նշել է նա։ Իլհամովի կարծիքով՝  նոր համաձայնագիրը «միայն ընդգծում է, թե որքան ֆիկտիվ է Մոսկվայի դերը որպես խաղաղապահ և միջնորդ Հարավային Կովկասում խաղաղության կարգավորման գործում։

Մեծ Բրիտանիայի Էքսետերի համալսարանից Գևորգ Օսկանյանի կարծիքով՝ գործարքը դեռևս ամրագրված չէ, և Թրամփի հյուրընկալած գագաթնաժողովը «վաղաժամ լավատեսություն  է առաջացրել։

«Այս լավատեսությունը «պետք է մեղմացվի իրատեսությամբ և պատմական նախադեպով, քանի որ շատ խաղաղության գործընթացներ ձախողվել են՝ չնայած խոստումնալից մեկնարկներին», – նշել է նա։

Խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար Փաշինյանը պետք է հանրաքվե անցկացնի՝ փոփոխելով Հայաստանի Սահմանադրությունը և հաղթի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։

Հետևաբար, Թրամփի գործարքի հաջողությունը կախված է Հարավային Կովկասի քաղաքականության բազմաթիվ նրբություններից, և Արևմուտքը «պետք է զբաղվի նրբերանգներով, այլ ոչ թե միայն աշխարհաքաղաքականությամբ»։

Ռազմագերիներ