
8 անձից բացի այլ մարդ չի հեռացվելու․ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի հարցազրույցի առանցքային կետերը
- Գործադուլը մի խումբ անձանց կողմից է արվում, որոնք կոլեկտիվ չեն։ Նրանք Քաջարանում ու Կապանում չեն էլ ապրում։ Այդ մարդիկ այստեղ են և մասնակցում են ապօրինի գործողություններին։ Մեր աշխատակիցներին անգամ սպառնում են՝ որևէ պարագայում աշխատանքի չգնալ։
- Հեռացված 8 անձից բացի այլևս ոչ մեկը չի հեռացվելու։ Այդ ութ անձը ակտիվ մասնակցություն են ունեցել գործադուլի կազմակերպման գործում։ Ես համարում եմ, որ հենց այս մարդկանց միջոցով է կոլեկտիվը օգտագործվել երրորդ ուժերի կողմից։
- Եթե աշխատակիցները շարունակեն չաշխատել, կոմբինատը ստիպված է լինելու տնտեսման խիստ ռեժիմով աշխատել՝ սահմանափակելով ու հետաձգելով բոլոր վճարումները օրենքի սահմանված կարգով, դրանից բոլորը կտուժեն․ կոլեկտիվ, համայնք, կառավարություն, պետություն։
- Աշխատավարձերի բարձրացման համակարգ կա՝ անկախ պահանջից։ Համահարթեցման եղանակով վերացվելու է անարդարությունը։
- ԶՊՄԿ ղեկավարության և կոլեկտիվի մեջ մեծաթիվ խնդիրներ չկան, դրանք կեղծ են։
- Ապահովագրության հետ կապված խնդիր կա, որը մենք շուտով կարգավորելու ենք։ Պատճառը ապահովագրությունն իրականացնող ընկերության մեջ է, նոր մրցույթ կլինի շուտով, ընկերությունը կփոխվի։
- Աշխատանքային պայմանների բարելավման հարցում անելիքներ կան և դա անընդհատ պրոցես է։ Այդ հարցերը լուծելի են և լուծվում են։
- Վերադարձե՛ք աշխատանքի, դուք կունենաք անընդհատ լավացող պայմաններ, աճող աշխատավարձ։