29 Նոյ
2024
4.4° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լեհաստանը փակում է Պոզնանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը

Լեհաստանը փակում է Պոզնանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ երկրի ԱԳՆ-ն հետ է կանչել Պոզնանում Ռուսաստանի հյուպատոսության աշխատանքի վերաբերյալ համաձայնությունը:

Նրա խոսքով` հյուպատոսության անձնակազմն «անցանկալի անձ» կհայտարարվի և պետք է լքի Լեհաստանի տարածքը: Սիկորսկին այս հայտարարությունն արել է ռուսական հատուկ ծառայությունների հասցեին Վրոցլավում դիվերսիա կազմակերպելու փորձի մեջ մեղադրանքների ֆոնին, սակայն հրկիզումների ծրագրերին Ռուսաստանի մասնակցության ապացույցներ չի ներկայացրել:

Ավելի վաղ Սիկորսկին հայտնել էր մի մարդու ձերբակալության մասին, որին մեղադրում են իբր ռուսական հատուկ ծառայությունների հանձնարարությամբ հրկիզումներ նախապատրաստելու մեջ, և խոստացել էր համապատասխան միջոցներ ձեռնարկել:

«Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում Արևմուտքի երկրների, այդ թվում` Լեհաստանի դեմ։ Իմ տվյալներով` դիվերսիաների փորձերի հետևում կանգնած են ռուսական հատուկ ծառայությունները»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳ նախարարը` ընդգծելով, որ հյուպատոսությունը փակելու որոշումը այդ իրավիճակի հետ է կապված։

Լեհաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Պավել Վրոնսկին հավելել է, որ հյուպատոսությունն առաջիկա օրերին կդադարեցնի աշխատանքը, իսկ աշխատակիցները պարտավոր կլինեն լքել երկիրը: