23 Հոտ
2024
13.3° c ԵՐԵՎԱՆ
4.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը մեղադրել է Բրիտանիային ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար

Թրամփը մեղադրել է Բրիտանիային ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար

ԱՄՆ նախագահական ընտրություններից երկու շաբաթ առաջ թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը բողոք է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով՝ մեղադրելով Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցությանն ԱՄՆ ընտրություններին միջամտելու համար՝ պատճառաբանելով, որ նրա ակտիվիստներն օգնում են Թրամփի մրցակից Քամալա Հարիսին:

«Բրիտանացիները գալիս են». այսպես է վերնագրված բողոք ներկայացնելու մասին Թրամփի նախընտրական շտաբի հայտարարությունը։ Բուն հայտարարության մեջ և բողոքի տեքստում հեղինակները հիշեցնում են 1775–1783 թվականների հեղափոխական պատերազմի իրադարձությունները, որոնցում ամերիկյան գաղութները կռվել են բրիտանական բանակի դեմ:

«Ծայրահեղ ձախ լեյբորիստական կուսակցությունը ոգեշնչում է Քամալայի վտանգավոր լիբերալ քաղաքականությունն ու հռետորաբանությունը: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում կուսակցությունը հավաքագրել և իր անդամներին ուղարկել է Քամալայի օգտին նախընտրական քարոզարշավ իրականացնելու էականորեն կարևոր նահանգներում՝ փորձելով ազդել մեր ընտրությունների վրա», – նշվել է հայտարարության մեջ:

Թրամփի շտաբը ենթադրում է, որ Լեյբորիստական կուսակցությունը վճարում է ԱՄՆ ընտրություններում իր կամավորների աշխատանքի համար, ինչն արգելված է ամերիկյան օրենքներով։

Մինչդեռ BBC-ին հասանելի և այլ լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվության համաձայն՝ լեյբորիստները Միացյալ Նահանգներ են մեկնել որպես մասնավոր անձինք և աշխատում են անվճար, ինչը օրենքով արգելված չէ: