29 Նոյ
2024
-3.7° c ԵՐԵՎԱՆ
-3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պետք չէ ակնկալել, որ COP29-ը բեկումնային կլինի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքման համար․ Chatham House

Պետք չէ ակնկալել, որ COP29-ը բեկումնային կլինի հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի կնքման համար․ Chatham House

Որպես ՄԱԿ-ի կլիմայական COP29 գագաթնաժողովը հյուրընկալող՝ Ադրբեջանը պետք է առաջնորդի ՄԱԿ-ի բանակցությունները դեպի կլիմայի կարևորագույն ֆինանսավորման համաձայնագիր: Սակայն երկրի թույլ բնապահպանական հավատարմագրերը, ռեպրեսիվ քաղաքականությունը և հանածո վառելիքի եկամուտներից կապվածությունը կասկածներ են հարուցում կլիմայի արդյունավետ առաջնորդություն ապահովելու նրա կարողության վերաբերյալ: Այս մասին նշվել է Chatham House վերլուծական կենտրոնի՝  «Ադրբեջանի կլիմայական առաջնորդության մարտահրավերը․ Ի՞նչն է վտանգված COP29-ում և դրանից դուրս» զեկույցում։

Հեղինակները լայանածավալ անդրադարձ են կատարել նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Ինչպես նշվել է, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի հետ իր հարցերը ուժով լուծելուց հետո Ադրբեջանը ցանկանում է COP29-ը ներկայացնել որպես «խաղաղության COP»:

Ընդգծվել է, որ Ադրբեջանը ստանձնել է COP29-ի նախագահությունը Լեռնային Ղարաբաղում լայնորեն որպես էթնիկ զտում որակված արշավից ընդամենը երեք ամիս և երկրորդ ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակից երեք տարի անց։ Հարկադրական դիվանագիտությունը հասել է գագաթնակետին 2023 թվականի սեպտեմբերի ռազմական հարվածով։ Ադրբեջանական հաջող ռազմական գործողությունը հանգեցրել է տարածքի ողջ հայ բնակչության զանգվածային փախուստին, որն արդեն թուլացել էր իննամսյա շրջափակմամբ։ Բաքուն շարունակում է գերության մեջ պահել Ղարաբաղի հայաստանյան քաղաքացիական և ռազմական ղեկավարության բազմաթիվ գործիչների, ովքեր Հայաստանում պատանդ են համարվում: COP29-ի մեջ Բաքուն հնարավորություն է տեսնում փայլեցնելու իր իր միջազգային իմիջը՝ ներկայանալով որպես խաղաղության դերակատար և առաջ մղելով «խաղաղության COP» գաղափարախոսությունը՝  կոչ անելով հակամարտող երկրներին պահպանել գլոբալ «COP զինադադար», որը նման է օլիմպիական զինադադարին:

Հետազոտության հեղինակները նշել են, որ 2024 թվականին հայ-ադրբեջանական առաջնագիծն ավելի հանգիստ էր, քան երբևէ՝ 2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո։ Երկու կողմերն էլ հաստատում են իրենց շահագրգռվածությունը հաղորդակցությունների և երկար սպասված տարածաշրջանի բացման նկատմամբ։ Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի պաշտոնյաները համաձայն են, որ շրջանակային համաձայնագրի հոդվածների մեծ մասը ստորագրվել է։ Այնուամենայնիվ, ինչպես սիրում են ասել միջնորդները, «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ

Ավելին, մնացած ամենազգայուն հարցը՝ կապի և տարանցման հարցը, համաձայնությամբ հանվել է բանակցվող տեքստից։ Մինչ ադրբեջանցի դիվանագետները խոսում են խաղաղության հնարավորությունների մասին, նախագահ Ալիևը շարունակում է ընդգծել ռազմական հզորությունը որպես ազգային առաջնահերթություն: Միևնույն ժամանակ․ խաղաղության անցումը պահանջում է հասրակական և քաղաքական ձևերի ակտիվություն, ինչը երկար ժամանակ սահմանափակված է եղել Ադրբեջանում:

Ըստ փորձագետների՝ պետք չէ ակնկալել, որ COP29-ը բեկումնային կլինի խաղաղության համաձայնագրի կնքման համար: Փոխարենը, COP29-ի հնարավորությունը պետք է օգտագործվի Ադրբեջանի և Հայաստանի կողմից՝ համաձայնեցնելու երկկողմ վստահության ամրապնդման միջոցառումների նոր զամբյուղը, որոնք կանդրադառնան բնապահպանական բազմաթիվ խնդիրներին, ինչպիսիք են աղտոտումը և ջրային ռեսուրսների կառավարումը, որոնք, ըստ էության, միակողմանի լուծումներից դուրս են: Վստահության ամրապնդման նման փաթեթների աստիճանական բնույթի ներդրումը գործընթացում կարող է աստիճանաբար ընդլայնել հայ-ադրբեջանական ռազմավարական փոխգործակցության դաշտը և հիմք ստեղծել այլ էական հարցերի շուրջ վերջնական համաձայնության համար, որոնք մնում են վիճելի: