21 Դեկ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այս վարչախումբը լծվել է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը պաշտպանելու գործին, որովհետև այլ կերպ չի պատկերացնում հաշտեցումը նրանց հետ. Արմեն Ռուստամյան

Այս վարչախումբը լծվել է Թուրքիայի և Ադրբեջանի շահերը պաշտպանելու գործին, որովհետև այլ կերպ չի պատկերացնում հաշտեցումը նրանց հետ. Արմեն Ռուստամյան

Հայաստան-Թուրքիա հարաբերությունները վերաբերում են մեր ժողովրդի համար կենսական նշանակություն ունեցող հարցերին, և իրենց բնույթով դուրս են զուտ երկկողմանի ձևաչափից, ունեն ավելի լայն տարածաշրջանային և աշխարհաքաղաքական տարողություն։ Այս մասին «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ». սպառնալիք, թե հնարավորություն» գիտաժողովի ժամանակ ասաց   «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Սպառնալիք է դա, թե հնարավորություն, կախված է նրանից, թե որքանով ենք կարողանում բացառել հայոց պետականության և հայ ժողովրդի շահերը, լինելիությունն ու առաջընթացը վտանգող զիջումները և պաշտպանել մեր անժամանցելի իրավունքները։ Եթե դա կատարում ենք, դա իսկապես հնարավորություն է, իսկ եթե ոչ, դա լրջագույն սպառնալիք է։ Ակնհայտ է, որ Թուրքիան ոչ այնքան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, որքան այդ գործընթացը օգտագործել իր և Ադրբեջանի պահանջները բավարարելու համար»,- ասաց նա:

Ռուստամյանի խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են ուժի կիրառման սպառնալիքի վրա կառուցված քաղաքականություն։

«Թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն հասցրել է հայաթափել Արցախը և պատրաստում է հայ ժողովրդի հայրենազրկումն ու Հայաստանի թուրքացումը։ Թուրքացումն ինչ-որ գեղարվեստական արտահայտություն չէ, այլ կոնկրետ նշանակում է Թուրքիայից Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական և ընդհանրապես՝ բազմամակարդակ և բազմաբնույթ կախվածության վիճակ։ Սա այն է, երբ Հայաստանը կենսական զիջումների արդյունքում վերացվում է իրավական առումով առերևույթ գոյություն ունեցող, սակայն փաստացի Թուրքիայից լիովին կախյալ կրցորդ միավորի, շատ բանով նման Աջարիային։ Թուրքացումն իհարկե մեկ օրում չի կատարվելու, այլ դրսևորվելու է հանգրվանային կենսական զիջումների, ի հայտ գալով հիմնականում չորս մակարդակում՝ աշխարհաքաղաքական, իրավաքաղաքական, տնտեսական և հոգևոր մշակույթային, տեղեկատվական, կրթական։ Փաստացի այս վարչախումբը լծվել է թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանելու գործին, որովհետև այլ կերպ չի պատկերացնում հաշտեցումը նրանց հետ։ Սրա ամենավերջին վկայություններից մեկը Փաշինյանի ինքնաբացահայտումն էր կապված Անկախության հռչակագրի վերաբերյալ իր համոզումների հետ։ Ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, որ մեր հիմնարար փաստաթուղթը մեր պետություն չունենալու մասին է, քանի որ այն կոնֆլիկտներ է առաջացնում հարևանների հետ։ Իսկ քանի որ հայ ժողովուրդն իր շահերն ու իր իղձերն է արտացոլել այդ փաստաթղթի մեջ, ուրեմն ըստ այդ անձի մեր շահերը պաշտպանելը սպառնալիք է մեր գոյության հետ, որովհետև դրանք կոնֆլիկտածին են»,- նշեց պատգամավորը։

Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը արցախահայության վերադարձին հակադրում է ադրբեջանցիների վերադարձով։

«Արևմտյան Հայաստանը համեմատվում և նույնացվում է արևմտյան Ադրբեջանի հետ։ Հաջորդ զուգահեռը չի բացառվում, որ տարվի Հայոց ցեղասպանության և Խոջալուի և այլ տեղերում իբր ադրբեջանցիների ցեղասպանության միջև և այսպես շարունակ։ Խորքային իմաստով սա հենց թուրքացումն է գործողության մեջ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտ է իրականացնել փուլային եղանակով, որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը»,- ասել է  Ռուստամյանը։