Շրջադարձային 2025. ռազմավարական հավասարակշռությունը
Կովկասում այլևս նույնը չէ 2025 թվականի հունվարը կարող է ընկալվել որպես Հայաստանի աշխարհաքաղաքականության համար շրջադարձային կետ. մի ժամանակ, երբ Երևանը վճռականորեն շրջվեց իր վաղեմի պաշտպան Ռուսաստանից՝ իր քաղաքական և տնտեսական ապագան կապելով արևմտյան կառույցներին ինտեգրվոլու հետ՝ այդպիսով խախտելով ռազմավարական հավասարակշռությունը Կովկասում, գրել է Eurasianet-ը:
Հայաստանի պաշտոնյաները վերջին օրերին քայլեր են ձեռնարկել՝ պաշտոնականացնելու երկրի բարելավվող հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ։ Հունվարի 14-ին ԱՄՆ-ի և Հայաստանի դիվանագետները ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր՝ ճանապարհ հարթելով երկու երկրների միջև առևտրային, ռազմավարական և քաղաքական կապերի ամրապնդման համար։
Օրեր առաջ Հայաստանի կառավարությունը վերջնական տեսքի է բերել օրինագիծը, որը թույլատրում է երկրին իրականացնել Եվրամիությանն անդամակցելու համար անհրաժեշտ ջանքերը: Ինչպես նշվել է, ԵՄ-ի և Միացյալ Նահանգների հետ կապերը ամրապնդելու Հայաստանի ջանքերը Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման արդյունք են. շատ հայեր զգացել են, որ դավաճանված են Կրեմլի կողմից՝ Երկրորդ ղարաբաղյան պատերազմի վերջին փուլերում անվտանգության երաշխիքները չկատարելու պատճառով։ Ընդգծվել է, որ հետխորհրդային դարաշրջանի մեծ մասի համար Հայաստանը մեծապես ապավինել է Ռուսաստանին տնտեսական և ռազմավարական աջակցության համար: Ավանդաբար Հայաստանը համարվում էր Մոսկվայի ուղեծրում՝ որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մաս։ Բայց Արցախում պարտությունից հետո Փաշինյանի կառավարությունը վերանայել է Ռուսաստանի հետ երկրի հարաբերությունների արժեքը։
Հայաստանի՝ ԵՄ-ին ինտեգրման ակտից բխող անմիջական հարց է երկրի ապագան Մոսկվայի գերիշխող ԵԱՏՄ-ում։ Հայաստանի պաշտոնյաները, թեև կասեցրել են երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին, հայտարարել են, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ չունեն։ Ռուս պաշտոնյաները, մինչդեռ, ընդգծված պնդում են, որ Երևանը չի կարող վայելել երկու տնտեսական բլոկներում ներգվվածությունը: Որոշակի չափով ԵՄ ինտեգրման ակտը նշանավորում է Երևանի լիիրավ անդամություն ձեռք բերելու ջանքերի սկիզբը: Բացի Հայաստանի օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու ներքին բարեփոխումների ահռելի մարտահրավերներից, երկիրը պետք է հաշտություն կնքի Ադրբեջանի հետ: Խաղաղության համաձայնագրի հեռանկարներն այժմ ավելի հեռու են թվում, քան գուցե մի քանի ամիս առաջ, սակայն գործընթացը հակված է հանկարծակի տեղաշարժերի: Օրինակ, եթե Ադրբեջանի և Ռուսաստանի միջև առկա լարվածությունը շարունակվի Չեչնիայում հակաօդային պաշտպանության ուժերի կողմից պատահաբար խոցված ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար Կրեմլի կողմից որևէ պատասխանատվություն չընդունելու պատճառով, Բաքուն կարող է հակված լինել մեղմելու իր բանակցային դիրքերը Հայաստանի նկատմամբ:
Մինչդեռ հունվարին Դոնալդ Թրամփի վերադարձը Սպիտակ տուն հարցեր է առաջացնում հայ-ամերիկյան ապագա գործընկերության վերաբերյալ: Շատ հայեր հուսով են, որ Թրամփի վերադարձը կարագացնի երկկողմ հարաբերություններն ընդլայնելու ջանքերը՝ վկայակոչելով նոյեմբերի ընտրություններից առաջ ընտրված նախագահի մեկնաբանությունները, որ նա «կպաշտպանի հալածվող քրիստոնյաներին»: Միևնույն ժամանակ, քաղաքական դիտորդներն ակնկալում են, որ Թրամփի վարչակազմի արտաքին քաղաքականությունը առաջնահերթություն չի տա Հարավային Կովկասին: