
Պեսկովը դրական է որակել Զելենսկիի պատրաստակամությունը խաղաղ կարգավորման վերաբերյալ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դրական է գնահատել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի` խաղաղությանը միտված բանակցությունները սկսելու պատրաստակամությունը, սակայն նաև հիշեցրել է, որ Ուկրաինայում դեռևս արգելք է գործում Ռուսաստանի հետ բանակցությունների վրա։
«Դրական եմ գնահատում Զելենսկիի պատրաստակամությունը: Հարցն այն է, թե ում հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Առայժմ Ուկրաինայի նախագահի՝ ռուսական կողմի հետ բանակցություններ վարելու իրավական արգելքն ուժի մեջ է: Ընդհանուր առմամբ, մոտեցումը դրական է, բայց դետալները դեռ չեն փոխվում»,– լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Մարտի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսում, հայտարարել է, որ նամակ է ստացել Զելենսկից, որում հավաստիացնում է, որ պատրաստ է հնարավորինս շուտ բանակցությունների սեղանի շուրջ նստել Ուկրաինայում խաղաղության հարցով։ Մինչ այդ Զելենսկին գրառում էր կատարել X սոցցանցում, որտեղ երախտագիտություն էր հայտնել Թրամփին և ԱՄՆ-ին օգնության համար և հայտարարել «պատերազմը արագ ավարտելու» Կիևի պատրաստակամության մասին։
Մեկնաբանելով Լուկաշենկոյի հրավերը Թրամփին, Պուտինին և Զելենսկիին Բելառուսում բանակցություններ վարելու վերաբերյալ՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ Մինսկը լավագույն վայրը կլիներ Ռուսաստանի համար Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու համար, սակայն այդ տարբերակը դեռ որևէ կերպ չի քննարկվել։