
Աշխարհը կոչ է անում Իսրայելին դադարեցնել ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել նոր հակամարտությունների
Ռուսաստանը մտահոգված է և դատապարտում է Իսրայելի և Իրանի միջև լարվածության կտրուկ սրումը․ լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Իսրայելի կողմից Իրանին հարվածներից հետո տարածաշրջանում լայնածավալ պատերազմը իրական է, Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը։ Նրա խոսքով՝ Իրանի ռազմական վերնախավը զգալիորեն թուլացել է, և անհրաժեշտ է «լուրջ կերպով պատրաստվել պատասխան գործողությունների»։
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բին Ֆարհանը ևս դատապարտել է Իսրայելի կողմից Իրանին հարվածներն իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ժամանակ՝ անընդունելի անվանելով հակամարտությունները լուծելու համար ռազմական ուժի կիրառումը։
Բացի այդ՝ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Իրանի վրա Իսրայելի հարվածները բարդացնում են տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը»։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն առավոտյան հեռախոսով տեղեկացրել է իրեն Իրանի վրա հարվածների մասին, նշվել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության մեջ։Կանցլերի խոսքով՝ այս զրույցից հետո նա գումարել է Դաշնային կառավարության Անվտանգության խորհրդի նիստ՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։
Չինաստանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը հայտարարել է, որ իր երկիրը դեմ է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցանկացած ոտնձգությանը։ Նա հավելել է, որ Պեկինը պատրաստ է կառուցողական դեր խաղալ հակամարտության լարվածության մեղմացմանը նպաստելու համար։
Եգիպտոսը ևս դատապարտել է Իսրայելի հարձակումն Իրանի վրա՝ համարելով դա տարածաշրջանում ծայրահեղ վտանգավոր էսկալացիա։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն, իր հերթին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մի շարք անդամ պետություններ աշխատում են Մերձավոր Արևելքում հակամարտության լիցքաթափման ուղղությամբ՝ Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներից հետո։
«Սա շատ դինամիկ և արագ փոփոխվող իրավիճակ է։ Սա Իսրայելի միակողմանի գործողություն է։ ՆԱՏՕ-ի շատ երկրների, մասնավորապես Միացյալ Նահանգների համար կարևոր է աշխատել հակամարտության լիցքաթափման ուղղությամբ։ Ես գիտեմ, որ նրանք աշխատում են այս ուղղությամբ», – Ստոկհոլմում կայացած մամուլի ասուլիսում, նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Մերձավոր Արևելքի հակամարտության մեջ։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա կատարված ավիահարվածը և այն համարել սադրանք: Անկարան կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել և հայտարարել է, որ չի ցանկանում տեսնել արյունահեղություն Մերձավոր Արևելքում:
«Այն փաստը, որ հարվածները կատարվել են այն ժամանակ, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները սրվում են, ցույց է տալիս, որ Նեթանյահուի կառավարությունը չի ցանկանում, որ որևէ խնդիր լուծվի դիվանագիտական ճանապարհով և չի վարանում վտանգել տարածաշրջանային կայունությունը և համաշխարհային խաղաղությունը իր սեփական շահերի համար: Իսրայելը պետք է անհապաղ դադարեցնի իր ագրեսիվ գործողությունները, որոնք կարող են հանգեցնել նոր հակամարտությունների: Մենք կրկին հայտարարում ենք, որ չենք ցանկանում տեսնել ավելի շատ արյունահեղություն և ավերածություններ Մերձավոր Արևելքում: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմի տարածումը կանխելու համար», – նշվել է հայտարարությունում: