
Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի․ Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսի հիմնական կետերը
ՀՅԴ ԳՄ ներկայացուցչի պաշտոնում վերընտրված Իշխան Սաղաթելյանը ասուլիս է տվել ու պատասխանել լրագրողների հարցերին։ Սաղաթելյանի ասուլիսի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Բարեկամանալ մեր թշնամիների հետ, թշնամանալ մեր բարեկամների հետ․ սա է ՀՀ գործող իշխանության՝ արտաքին քաղաքականության բանաձևը։ Սա փորձում են բացատրել հետևյալ կերպ՝ եթե մենք բարեկամանանք մեր թշնամիների հետ, կկարողանանք հասնել խաղաղության։ Իրենց վարած քաղաքականության հետևանքով զրկվում ենք բարեկամներից, արդյունքում երկիրը տանում ենք ինքնամեկուսացման ու նոր պատերազմի։
- Մենք շարունակում ենք պնդել, որ Արցախի հարցը փակված չէ, որ արցախահայերի վերադարձի իրավունքից հրաժարվելով դուք ոչ թե Հայաստանը զերծ եք պահում նոր պատերազմից, այլ ձեր վարած քաղաքականությամբ ՀՀ-ն դնում եք նոր հարվածների տակ։ Հետևաբար արցախահայերի վերադարձի և ինքնորոշման իրավունքը շարունակում է մնալ առաջնային օրակարգային հարց։
- 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ փողոցային պայքարի։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Ի վերջո, ընտրություններից առաջ շատ բան կպատահի։ Մի՞թե հնարավոր չէ, որ կնքվի կապիտուլյացիայի համաձայնագիր, որն այժմ ներկայացվում է որպես խաղաղության պայմանագիր։
- Երբ կգա ընտրությունների փուլը, մենք կքննարկենք՝ ինչ ձևաչափով, ինչպես կմասնակցենք դրանց։ Այս պահին այդ հարցին չենք անդրադարձել, որովհետև դրա իմաստը չենք տեսել։
- Մենք մասնակցելու ենք ԱԺ այն նիստին, որի ժամանակ քննարկվելու է Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի դեմ քրգործ հարուցելու հարցը։ Դուք կհամոզվեք, որ դա ապօրինի, կեղծ գործընթաց է։ Գլխավոր դատախազը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանի օգնականի կարգավիճակում։ Ինքը շարունակում է մնալ գործիք Նիկոլ Փաշինյանի ձեռքում։
- Հարևան երկրում տեղի են ունենում ռազմական գործողություններ, այս առումով կա մեծ վտանգ Հայաստանի անվտանգության տեսանկյունից։ Արդյոք այս իշխանությունը ձեռնարկո՞ւմ է համապատասխան քայլեր այդ սպառնալիքները չեզոքացնելու կամ մեղմելու ուղղությամբ․ նայելով սրանց յոթ տարվա գործունեությունը, սրանք ունեն ձախողման, պարտության, անհաջողությունների պատմություն։