19 Հնս
2025
23.4° c ԵՐԵՎԱՆ
16.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դրամատուրգիա՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում, աջակցություն Սամվել Կարապետյանին․ կարևորը՝ Մարիա Զախարովայի ասուլիսից

Դրամատուրգիա՝ ՀՀ-ՌԴ հարաբերություններում, աջակցություն Սամվել Կարապետյանին․ կարևորը՝ Մարիա Զախարովայի ասուլիսից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ նշել է, որ ՌԴ-ն ՀՀ-ի հետ համագործակցում է բազմաթիվ ոլորտներում։

«Մենք, ինչպես և ցանկացած երկրների միջև, ունենք խնդրահարույց հարցեր։ Ցանկանում եմ կրկնել, որ առկա է որոշակի դրամատուրգիա, սակայն չի կարելի ձևակերպել, որ մեր հարաբերություններում նոր է նկատվում ջերմացում», – նշել է Զախարովան։

Նա ընդգծել է, որ ՌԴ-ն մշտական երկխոսության մեջ է Երևանի հետ, և ՀՀ-ից ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ հարցը գործնականում երբեք չի բարձրաձայնվել։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողը, դիմելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, նշել է որ, Իրանում վերջին իրադարձությունների հետ կապված, տարածաշրջանում սպառնալիք է առաջանում, որ Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ սկսել՝  «Զանգեզուրի միջանցքին» տիրանալու Ադրբեջանի նախագահի նպատակը կյանքի կոչելու համար։ Նա հետքրքրվել է, թե այդ պարագայում ինչպե՞ս կարձագանքի ՌԴ-ն և ի՞նչ քայլեր կձեռնարկի։ Զախարովան պատասխանել է, որ այդ ուղղությամբ նույնիսկ մտածել չի ցանկանում։ «Մեր ջանքերն ուղղված են տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիային, այն ամենի վերաբերյալ, ինչ վերաբերում է Իրանին, Իսրայելի ագրեսիվ գործողություններին Իրանի դեմ։ Մենք համապատսխան աշխատանք ենք տանում Ադրբեջանի և Երևանի հետ այդ տարածաշրջանում կարգավորման համար», – նշել է Զախարովան՝ հավելով, որ ՌԴ-ի համար թանկ են և՛ ՀՀ-ն, և՛ Ադրբեջանը։

Անդրադառնալով ՀՀ-ում գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը, Զախարովան նշել է, որ ՌԴ քաղաքացիություն ունեցող  ցանկացած գործարար և ՌԴ քաղաքացի, համապատասխան օգնություն և աջակցություն է ստանում, եթե նա, նրա իրավապաշտպանները, հարազատները դիմում է տվյալ երկրում ՌԴ դեսպանատուն։ Հետագա քայլերի համար անհրաժեշտ է հստակ հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների տեսքով։

«Այնքան մեծ թվով հայտարարություններ է արվել, որ եկեք նախ հասկանանք՝ ինչի՞ մասին է խոսքը։ ՌԴ քաղաքացուն և ռուս գործարարին, բնականաբար, կտրվի համապատասխան աջակցություն», – նշել է Զախարովան։

Անդրադառնալով Հարավային Կովակասում  տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Զախարովան նշել է, որ այն պետք է ընթանա բացառապես խաղաղ ճանապարհով։ Նրա խոսքով ՝ տրանսպորտային շրջափակումը հանելու ամենաճիշտ ուղին եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հնարավորինս շուտ վերսկսումն է։ Զախարովայի պնդմամբ՝ ՀՀ-ի, Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խմբի վերջին հանդիպմանը կողմերը մոտ են եղել գործնական հարցերի մեծ մասի լուծմանը հասնելուն։

Ռազմագերիներ