30 Հնս
2025
21.3° c ԵՐԵՎԱՆ
18.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանն ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում. Արման Թաթոյան

Փաշինյանն ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել է.

««Կրթվելը նորաձեւ է» արշավի շրջանակում «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին վարչապետի պատասխանն ապացուցում է, որ իրավապահ մարմիններին հրահանգները տալիս է հենց ինքը՝ կառավարության ղեկավարը:

Նրա պատկերացմամբ` քանի որ իրավապահ ինչ-որ մարմնի ղեկավար նշանակվում է վարչապետի կամ կառավարության որոշմամբ կամ ԱԺ-ում ՔՊ խմբակցության ձայներով, ուրեմն ինքն այդ մարմինների փաստացի ղեկավարն է և տիրապետում է նրանց լիազորությունները:

Նրա խոսքից ակնհայտ է, որ ինքն իրեն պատկերացնում է օպերլիազորի կամ քրեական հետախուզության բաժնի ղեկավարի դերում, որը պետք է պլանավորի հանցանքի կանխում, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և այլն: Այդ տվյալները գաղտնիք են, և նա չունի դրանց ծանոթանալու իրավունք: Դա օրենքով արգելված է:

Իրավապահ մարմինների համար պատահական չէ սահմանված ապաքաղաքական լինելու պահանջ, մինչդեռ վարչապետը ՔՊ կուսակցության ղեկավարն է:

Այսինքն ի՞նչ է ստացվում. վարչապետը, յուրացնելով իրավապահ մարմինների լիազորությունները կամ միջամտելով այդ լիազորություններին, տիրապետում է օրենքով իրենից պաշտպանված տեղեկությունների և դրանք, ըստ նպատակահարմարության, օգտագործում իր քաղաքական նպատակների համար ընդդեմ իր ընդդիմախոսների:

Ընդ որում, խնդիրն այն է, որ նա իրավապահ մարմինների միջոցով իրեն ոչ հասանելի տվյալների է ապօրինաբար ծանոթանում՝ գաղտնի շրջանցելով այդ տվյալների պաշտպանության մեխանիզմները (դատարան և այլն): Անձը, ում կյանքի վերաբերյալ վարչապետն անձնական տվյալների է ծանոթանում, չունի պաշտպանվելու հնարավորություն և նույնիսկ չի էլ իմանում այն մասին, որ իր անձնական կյանքը դառնում է ապօրինի քննարկման առարկա:

Սա հստակ ապացուցվում է, օրինակ, Հովիկ Աղազարյանի գործով, երբ նրա հեռախոսը քննչական մարմինը փոխանցել էր անվտանգության մարմիններին ու դրանից էլ վարչապետին հասանելի էր դարձել հեռախոսի բովանդակությունը, որն էլ օգտագործվեց ամբողջ ՔՊ-ի կողմից քաղաքական նպատակների համար:

Նույն կերպ, նա չունի իրավապահ մարմինների միջոցով հոգևորականների անձնական կյանքի վերաբերյալ տվյալներ հավաքագրելու իրավասություն:

Ընդ որում, Ամենայն Հայոց Կաթողիկոսը կամ որևէ այլ հոգևորական հանրային իշխանության բարձրաստիճան պաշտոն չի զբաղեցնում, հետևաբար հակապես գործադիր իշխանության ղեկավարի անօրինական միջամտություններից են պաշտպանված:

Միաժամանակ, բոլորը պետք է նկատի ունենան, որ «անձնական կյանք» հասկացությունը շատ լայն է (կենցաղ, ընկերներ, գործնական կապեր և այլն) և չի նշանակում միայն ընտանեկան կյանք:

Եկեղեցականների դեպքում դա յուրահատուկ պաշտպանություն ունի հաշվի առնելով նրանց հոգևոր ծառայության առանձնահատկությունները: Այսինքն, վարչապետը չի կարող որոշել հոգևորականի անձնական կյանքի սահմանները. այդ ինքն է, որ ունի անձնական կյանքի նեղ պաշտպանություն:

Այս ամենը հաշվի առնելով եմ ասում, կազմաքանդվում է պետությունը, քանի որ այս կերպ ոչնչացվում են իրավական պետության հիմքերը, չեն գործում զսպումներն ու հակակշիռները` ժողովրդավարության պետության մեխանիզմները:

Ստացվում է` բոլոր, այդ թվում` Կառավարությունից անկախ մարմինները ծառայում են մեկ անձի, ով զբաղեցնում է գործադիր իշխանության ղեկավարի և միահեծան իշխող ՔՊ կուսակցության ղեկավարի պաշտոն, որը միաժամանակ ամենը ծառայեցնում է քաղաքական ու անձնական շահերին:

Այլ կերպ ասած, երկրում հաստատված է կուսակցապետություն եւ անձիշխանություն»:

Ռազմագերիներ