30 Հնս
2025
19.3° c ԵՐԵՎԱՆ
18.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին. այս մասին հայտնի է դարձել կառավարության պաշտոնական հաղորդագրությունից.

«Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և ընդգծել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարության և խաղաղության ամրապնդման ճանապարհին:

ԵՄ բարձր ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանը և Եվրոպական միությունը երբեք այսքան մերձ չեն եղել միմյանց, որքան այժմ։ Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է առավել խորացնել գործընկերությունը բոլոր ուղղություններով։

Կայա Կալասը կարևորել է 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հայտարարությունը՝ որպես Հայաստանի և եվրոպական ու արևմտյան գործընկերների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման կարևոր հանգրվան: Նրա խոսքով՝ այն հանդիսացել է նոր մակարդակի քաղաքական երկխոսության հենք։

Կալասը բարձր է գնահատել ՀՀ Կառավարության հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին՝ դրանք համարելով կենսական նշանակություն ունեցող ոչ միայն երկրի ներսում, այլև որպես արտաքին գործընկերության հենք։ Նա շեշտել է, որ այդ արժեքները պետք է պաշտպանվեն՝ հատկապես հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում։ Կայա Կալասն ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է կանգնել Հայաստանի կողքին՝ աջակցելով երկրի դիմադրողականության բարձրացմանը», – ասվում է հայտարարության մեջ:

 

Ռազմագերիներ