Ադրբեջանցի իրավունքների պաշտպան և կլիմայական հարցերով ակտիվիստ Անար Մամեդլին եկել էր մանկապարտեզից որդուն վերցնելու, երբ ոստիկանները նրան ձերբակալեցին երեխաների աչքի առաջ: Նրա ձերբակալությունը վերջինն էր մի շարք ձերբակալությունների շարքում, որոնք, քննադատների խոսքով, հարվածում են նավթով հարուստ երկրի հեղինակությանը որպես նոյեմբերին կայանալիք COP29 կլիմայի փոփոխության համաժողովի հյուրընկալող: Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իշխանական բռնաճնշումներին անդրադարձել է հեղինակավոր France 24 պորտալը։
Մամեդլին կալանավորված է ապրիլի 29-ից և կարող է մինչև ութ տարի ազատազրկման դատապարտվել՝ մեղադրվելով մաքսանենգության համար, այնինչ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները նշում են, որ մեղադրանքները «կեղծ» են:
Մամեդլին և ակտիվիստ Բաշիր Սուլեյմանլին ստեղծել էին քաղաքացիական հասարակության մի խումբ՝ «Արդարության կլիմա» նախաձեռնությունը: Այս կազմակերպությունը նպատակ ուներ խթանել էկոլոգիական արդարությունը խիստ վերահսկվող այս Կասպյան երկրում:
Սուլեյմանլին AFP-ին հայտնել է, որ խումբը «կառավարության ճնշման տակ ստիպված փակվեց նույնիսկ նախքան իր՝ շրջակա միջավայրի հարցերի շուրջ իրազեկում բարձրացնելու ուղղությամբ գործունեությունը սկսելը»:
«Մենք չունենք հարթակ, որտեղ կարող էինք լսելի լինել, էլ չասած այն մասին, որ COP29-ի ընթացքում բողոքի ակցիաներ կազմակերպելու հնարավորություն չենք ունենա», — ասել է Սուլեյմանլին:
Միջազգային իրավապաշտպան խմբերը, այդ թվում՝ Amnesty International-ը և Human Rights Watch-ը, դատապարտել են Մամեդլիի դեմ հարուցված «կեղծ» մեղադրանքները և պահանջել նրա ազատ արձակումը:
Amnesty-ն նշել է, որ սա քաղաքացիական հասարակության ակտիվիստների նկատմամբ «շարունակվող ճնշումների» մի մասն է COP29-ի նախաշեմին:
Բաքվի փողոցներում ճանապարհները նորոգվում են, շենքերը՝ նոր ներկվում, քանի որ իշխանությունները փորձում են մայրաքաղաքը պատրաստել հազարավոր օտարերկրյա հյուրերի համար, ովքեր կմասնակցեն COP29-ին, որը տեղի կունենա նոյեմբերի 11-22-ը:
Միջազգային իրավապաշտպան խմբերը կոչ են արել ՄԱԿ-ին և Եվրոպայի խորհրդին օգտագործել COP29-ի «շարժումը»՝ «կասեցնելու քննադատական ձայների նկատմամբ հալածանքները» Ադրբեջանում:
Սակայն, , ըստ Բաքվում գործող «Էկոֆրոնտ» էկոլոգիական խմբի անդամ Քենան Խալիլզադեի, COP29-ի նախաշեմին իշխանությունների ճնշումները ավելի են ուժեղացել ակտիվիստների նկատմամբ։շ
Նա նշել է, որ անցյալ տարի կարճ ժամանակով կալանավորվել էր Սոյուդլու գյուղում՝ հակաղտոտման բողոքի ակցիայի ընթացքում:
2023 թվականին ոստիկանները ռետինե գնդակներ և արցունքաբեր գազ են կիրառել բնակիչների դեմ, ովքեր բողոքում էին ոսկու հանքի մոտակայքում թունավոր թափոնների համար նախատեսված լճի կառուցման դեմ:
Տեղացիները պնդում էին, որ լիճը լուրջ վնաս կհասցնի իրենց արոտավայրերին:
Մի քանի բնակիչներ ձերբակալվել են ոստիկանության բռնի ճնշումներից հետո, իսկ Սոյուդլուն մի քանի շաբաթ շրջափակման մեջ է եղել:
«Ոստիկանները ինձ սպառնացին դաժան հաշվեհարդարով, եթե երբևէ փորձեմ վերադառնալ Սոյուդլու», — AFP-ին ասել է Խալիլզադեն:
Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP), որն աշխատում է հետաքննող լրագրողների միջազգային ցանցի հետ, պարզել է, որ հանքը, որը պաշտոնապես շահագործվում է բրիտանական «Anglo Asian Mining» ընկերության կողմից, պատկանում է Ալիևի երկու դուստրերին:
Ադրբեջանում ցանկացած դժգոհություն սովորաբար հանդիպում է Ալիևի կառավարության կոշտ հակազդեցությանը, ինչը բազմիցս ենթարկվել է Արևմուտքի քննադատությանը՝ քաղաքական հակառակորդներին հալածելու և անկախ մեդիան ճնշելու համար:
62-ամյա Ալիևը երկիրը կառավարում է երկաթյա բռունցքով 2003 թվականից՝ հոր՝ խորհրդային ժամանակների կոմունիստական առաջնորդ և նախկին ԿԳԲ-ի գեներալ Հեյդար Ալիևի մահից հետո:
Ադրբեջանի քաղաքական բանտարկյալների ազատության միությունը հրապարակել է 288 քաղաքական բանտարկյալների ցուցակ, որոնց թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, իրավապաշտպաններ և լրագրողներ:
Նրանց թվում են նաև AbzasMedia և Toplum TV մեդիա հարթակների մի քանի լրագրողներ, որոնք քննադատել են Ալիևին, ինչպես նաև հայտնի հակակոռուպցիոն ակտիվիստ Գուբադ Իբադօղլուն, որը դեռ կալանքի տակ է, չնայած առողջական վատ վիճակին:
Մայիսին Human Rights Watch-ը հայտարարել է, որ Ադրբեջանում ճնշումները «լուրջ մտահոգություն» են առաջացնում առ այն, թե ինչպես են ակտիվիստները կարողանալու «գործուն կերպով մասնակցել և COP29-ում առաջ տանել ավելի հավակնոտ գործողություններ»:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հերքել է մեղադրանքները՝ դրանք անվանելով «կողմնակալ և անընդունելի»:
«Ադրբեջանի COP29 նախագահությունը անհարկի քաղաքական դրդապատճառներով պայմանավորելը հակասում է կլիմայի փոփոխության դեմ պայքարում համագործակցության գաղափարի էությանը», — ասված էր նախարարության մայիսյան հայտարարության մեջ:
Բայց հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան, ով ամիսներ անցկացրել է բանտում՝ պաշտոնական կոռուպցիայի բացահայտումների համար, ասել է, որ COP29-ի պատվիրակությունները պետք է ուշադրություն դարձնեն Ադրբեջանում մարդու իրավունքների վատ վիճակին:
«COP29-ին մասնակցող երկրները պետք է գիտակցեն, որ քաղաքացիական հասարակությունը Ադրբեջանում ճնշված և հուսալքված է», — ասել է նա: