15 Նոյ
2024
10.2° c ԵՐԵՎԱՆ
11.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ինքնիշխանությունը չի կարող սակարկության առարկա լինել ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի համար․ The Independent

Հայաստանի ինքնիշխանությունը չի կարող սակարկության առարկա լինել ՌԴ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի համար․ The Independent

Լորդերի պալատի մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ Լորդ Դեյվիդ Էլթոնը The Independent բրիտանական հեղինակավոր պարբերականում հրապարակված հոդվածում գրել է, որ այն բանից հետո, երբ Արևմուտքը միայնակ թողեց ՀՀ-ին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի ժամանակ, այժմ՝ մեկ տարի անց, չի կարելի թողնել, որ այն միայնակ կանգի նոր սպառնալիքի առաջ։

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 120,000 հայ բնակչության էթնիկ զտումների առաջին տարելիցին Հարավային Կովկասում հերթական փոթորիկն է նշմարվում, այս անգամ՝ Ռուսաստանի անմիջական թողտվությամբ։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջերս ակնհայտ աջակցություն է հայտնել Հայաստանի հարավային Սյունիքի մարզով,  այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու Ադրբեջանի հավակնություններին։ Այս միջանցքը փաստացիորեն կխզի Հայաստանի կապն Իրանի հետ և կհատի նրա ինքնիշխան տարածքը՝ ստեղծելով ուղիղ ցամաքային ճանապարհ Ադրբեջանի և Թուրքիայի միջև:

Դա տեղի է ունենում ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը, իբր, հրաժարվել է խաղաղության համաձայնագրի այդ պահանջից: Հարց է առաջանում՝ ի՞նչ է անում Ռուսաստանը։

Հետևանքները տագնապալի են և՛ Հայաստանի տարածքային ամբողջականության, և՛ ավելի լայն տարածաշրջանային կայունության համար։ Դրանք կրկնում են հետխորհրդային պետությունների սահմաններին և ինքնիշխանությանը միջամտելու Ռուսաստանի մութ պատմությունը և պահանջում են միջազգային հանրության ուշադրությունը:

2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղի հայերի դաժան էթնիկ զտումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Ադրբեջանը, փակելով Լաչինի միջանցքը, դադարեցրել է ԼՂ-ի հիմնական մատակարարումները: Այդ ամենը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների «աչալուրջ» աչքի առջև, որոնք իրենց անգործությամբ դարձել են դրա մեղսակիցը։

Օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղը հայաթափվել է, նրա հնագույն քրիստոնեական ժառանգությունը՝ ջնջվել մեկ ակնթարթում։

Այժմ տագնապիալի ազդանշանները հնչեցին անցյալ ամիս, երբ Պուտինը այցելեց Բաքու, իսկ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան աջակցում է միջանցքի բացմանը, և որ Հայաստանը սաբոտաժ է անում այն բացելու ուղղությամբ:

Սա մեծ հետևանքներ կունենա տարածաշրջանային աշխարհաքաղաքականության վրա։ Թուրքիան վճռականորեն աջակցում է նախագծին, քանի որ այն ավելի է ինտեգրելու Թուրքիային և Ադրբեջանին տնտեսապես և ռազմավարական առումով՝ ամրապնդելով թյուրքական դաշինքը: Դա նաև Թուրքիային հնարավորություն կտա մուտք գործել դեպի Կենտրոնական Ասիա Ադրբեջանի միջոցով՝ ուժեղացնելով նրա ազդեցությունն ավելի լայն տարածաշրջանում: Հայերը միջանցքը համարում են կենսական նշանակության իրենց անվտանգության համար:

Արևմուտքը պետք է զգոն լինի. Հայաստանը՝ փոքր, դեպի ծով ելք չունեցող երկիր է, որը բախվում է էկզիստենցիալ սպառնալիքների բազմաթիվ ճակատներում, ինչը Ադրբեջանի ավելի լայն ռազմավարության մի մասն է, որին աջակցում է Ռուսաստանի պատեհապաշտությունը և Թուրքիայի հավակնությունները։

Եվրամիությունը և Միացյալ Նահանգները պետք է միանշանակ դեմ լինեն Հայաստանին՝ Զանգեզուրի շրջանի նկատմամբ վերահսկողությունը զիջել ստիպելու ցանկացած փորձի: Հայաստանի ինքնիշխանությունը չի կարող դիտարկվել որպես սակարկության առարկա Ռուսաստանի իշխանության խաղերում կամ Ադրբեջանի տարածաշրջանային նկրտումներում։

Ավելին, Արևմուտքը պետք է հասկացնի Թուրքիային, որ իր աջակցությունն Ադրբեջանին այդ գործում չի հանդուրժվի: Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք է ենթարկվի պատասխանատվության ավելի բարձր չափանիշների։ Նրա ագրեսիվ կեցվածքը Հարավային Կովկասում, զուգակցված 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական օգնության հետ, ցույց է տալիս Անկարայի պատրաստակամությունը՝ ապակայունացնելու տարածաշրջանը՝ հանուն իր շահի:

ՆԱՏՕ-ն չի կարող ձեռքերը ծալած կանգնել, մինչ նրա անդամներից մեկը կենտրոնական դեր է խաղում Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալիքներում։

Թեև, ուկրաինական պատերազմի հետևանքով՝ Եվրոպան ավելի ու ավելի է կախված ադրբեջանական գազից, տնտեսական շահերը չպետք է կուրացնեն Արևմուտքին

Կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն Հայաստանի պաշտպանությունն ամրապնդելու համար՝ ներառյալ անվտանգության երաշխիքները, դիվանագիտական ներգրավվածության ավելացումը և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ավելի սերտ տնտեսական կապերը։