Ադրբեջանը լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանին․ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի
գիտխորհուրդը հայտարարություն է տարածել՝ Արցախում իրականացված էթնիկ զտման և հայությանը
սպառնացող վտանգների վերաբերյալ։
«Այսօր Ադրբեջանը
«քաղաքակիրթ մարդկության» լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային
պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ առաջ քաշելով «Արևմտյան Ադրբեջան»
անհեթեթ և շինծու հասկացությունը, որն աստիճանաբար դառնում է Հարավային Կովկասում նոր
աշխարհագրություն ձևավորելու՝ Ադրբեջանի քաղաքական հայտերից մեկը։
Միանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մեր գործընկերների
«Փրկել Արցախը» կոչին (2023 թ. սեպտեմբերի 22), որպես մտավորականներ և հայ ժողովրդի
անցյալով ու ներկայով զբաղվող մասնագետներ, մտահոգված մեր ժողովրդի ապագայով՝ կոչ ենք
անում.
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝
սթափության, ուժերի ամբողջական լարման և կազմակերպված համախմբվածության,
2. Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հնարավոր
բոլոր հարթակներում բարձրացնել արդեն իսկ իրականացված ցեղասպանության և էթնիկ զտումների
հարցը և հետամուտ լինել ոչ միայն դրանց դատապարտմանը, այլև հետևանքների վերացմանը ու
դահիճ պետությունների դեմ պատժիչ գործողությունների իրականացմանը,
3. ՀՀ իշխանություններին՝ հնարավոր բոլոր
միջոցներով միջազգային ատյաններում բարձրաձայնել արցախահայության իրավունքների և ցեղասպանության
հարցը: Նաև առաջարկում ենք ստեղծել տարբեր երկրներում ապրող հայ և օտարազգի բարեկամ
մասնագետներից բաղկացած՝ ընդլայնված Խորհրդատվական մարմին, որ կօգտագործի ողջ հայության
ներուժը և կոնկրետ գործողությունների պլան կմշակի՝ մարդկանց կյանքերը փրկելու համար:
Առաջարկում ենք ստեղծել նաև Քաղաքական ճգնաժամային ընդլայնված կոմիտե, որ կփորձի արցախահայության
փրկության հարցում համերաշխություն և համաձայնություն ձևավորել տարբեր քաղաքական ուժերի
միջև՝ դուրս գալով նեղ խմբերով ազգի ճակատագրական հարցերը որոշելու փորձառությունից,
4. Միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա
կառավարություններին՝ ոչ թե հերթական «մտահոգությունն» արտահայտել արցախահայության
դրության վերաբերյալ, այլ հստակ գործողություններ իրականացնել: Նախաձեռնել հայ մշակութային
ժառանգության պահպանության միջազգային մշտադիտարկում և պատասխանատվության ենթարկել
այդ ժառանգությունը ոչնչացնողներին: Ադրբեջանի քաղաքականությունը որակել որպես մարդկության
դեմ հանցագործություն և նախա-ձեռնել դրա հետ կապված բոլոր ընթացակարգերը,
5. Մեր գործընկերներին՝ բոլոր երկրների ակադեմիական հանրությանը, ձայն բարձրացնել
ի պաշտպանություն Արցախի բնիկ էթնիկ տարրի, որը 21-րդ «գլոբալ» դարում միայնակ է մնացել
հարևան ֆաշիստական վարչակարգերի օտարատյաց քաղաքականության առջև, և որի անտեսումը մեծ
ու պատմական պատասխանատվություն է դնում գիտական համայնքի վրա»,- ասված է հայտարարության
մեջ։
Հայտարարության ամբողջական տարբերակը՝ այստեղ։