
Գերմանիայում այսօր Բունդեսթագի արտահերթ ընտրություններ են անցկացվում
Այսօր Գերմանիայի Դաշնությունում մեկնարկում են Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարանի) ընտրությունները։
Ընտրատեղամասերը բացվում են տեղական ժամանակով 08:00-ին։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն ինչպես կոնկրետ թեկնածուների, այնպես էլ կուսակցությունների օգտին, որոնք պայքարում են Բունդեսթագում խորհրդարանական տեղերի համար։
Քվեարկությունը կտևի մինչև 18:00-ն, որից անմիջապես հետո կհայտարարվեն էքզիթ փոլերի արդյունքները։ Գերմանացիները կքվեարկեն նաև փոստով․ 2021 թվականի նախորդ ընտրություններում այդ հնարավորությունից օգտվել էր քաղաքացիների գրեթե 47,3%-ը։ Այն ժամանակ այդ ցուցանիշը ռեկորդային էր։
Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովի կողմից պաշտոնապես ճանաչված 41 կուսակցություններից ընտրություններին կմասնակցի 29-ը։ Բունդեսթագի կայքում նշվում է, որ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ԳՍԴԿ), «Կանաչները», Ազատ դեմոկրատական կուսակցությունը, «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳհ), «Ձախերը», «Ազատ ընտրողները», «Վոլտը», Մարքսիստ-լենինյան կուսակցությունը, «Գերմանիայի դաշինքը» և «Սառա Վագենկնեխթի միությունը» թեկնածուներ են առաջադրել բոլոր 16 դաշնային հողերում։
Գերմանիայի կանցլերը կընտրվի Բունդեսթագում՝ կոալիցիոն բանակցություններից հետո։ Կանցլերի պաշտոնի հիմնական թեկնածուներ են համարվում Ֆրիդրիխ Մերցը (ՔԴՄ/ՔՍՄ), Օլաֆ Շոլցը (ԳՍԴԿ), Ռոբերտ Հաբեկը («Կանաչներ») և Ալիս Վայդելը (ԱԳհ)։
Ըստ Politbarometer ընկերության վերջին հարցման, 32%-ը ցանկանում է կանցլերի պաշտոնում տեսնել Ֆրիդրիխ Մերցին (ՔԴՄ/ՔՍՄ), 21%-ը՝ Ռոբերտ Հաբեկին («Կանաչներ»), 18%-ը՝ Օլաֆ Շոլցին (ԳՍԴԿ), 14%-ը՝ Ալիս Վայդելին (ԱԳհ), իսկ 15%-ը դեռևս չի կողմնորոշվել։